70-ականների ոճը կրկին նորաձև է
LifestyleԻնչպես երևում է 70-ական թվականներն իրենց ողջ փայլով ու հմայքով վերադարձել են մերօրյա նորաձևության աշխարհ և ակնհայտորեն մտադիր են դեռ երկար մնալ այնտեղ : Նուրբ մետաքսը, լայն տաբատները, թավշյա գոտիները, բազմագույն գծերը հանդես են գալիս որպես այդ ոճի համոզիչ վկաներ: Իրականում շատ հեշտ է ճանաչել 70-ականների ոճը. այն շատ այցեքարտեր ունի՝ խոշոր ակնոցներից մինչև դեկոլտեով կամ բարձր օձիքով բլուզներ: Նախորդ սերունդների նորաձևությունն իսկապես գերել է ներկայիս դիզայներներին և այդ պատճառով նրանք որոշել են այս տարվա գարուն-ամառ հավաքածուները համալրել այդ ժամանակվա հագուստների մոտիվներով կարված նորաձև զգեստներով և ցուցադրություններն անցկացնել շքեղ և գրավիչ երեկոյան զգեստների, երկար կիսաշրջազգեստների ու լայն տաբատների հովանու ներքո : Ի դեպ, այդ զգեստներն օժտված են այնպիսի դիզայներական լուծումներով, որ դրանք կարելի է կրել ոչ միայն թատրոն գնալիս:
Այդ յուրահատուկ ոճը վերածնվում է շատ ժամանակակից դիզայներների այս տարվա գարուն-ամառ հավաքածուներում : Հատկապես, աչքի են ընկնում հիպպի ոճը, ապլիկացիաները, ասեղնագործ հագուստները : Հայտնի ապրանքանիշերի ստեղծագործական տնօրեններն իրենց հավաքածուներում իսկապես շատ մոդելներ են ներկայացրել նուրբ ապլիկացիաներով ու վառ ծաղկային նախշերով : Նրանց առաջարկած գունային ներկապնակը ներառում է այնպիսի գույներ, ինչպիսիք են շագանակագույնը, կանաչը, կապույտը և կարմիրը : Հարկ է նշել, որ ապլիկացիաներն առկա են ոչ միայն բարակ, թեթև գործվածքների, այլ նաև ջինսերի վրա : Նորից նորաձևության աշխարհ են մուտք գործել բաց երանգներով գծավոր հագուստները : Յուրատեսակ տեսք ունեն մուգ կապույտ և սպիտակ գծերի համադրությամբ հանդերձները, հատկապես բաճկոններն ու տունիկաները : Դիզայներները մեծ ջանքեր են թափել, որպեսզի մենք զգանք ու վայելենք ամառն իր ողջ շուքով, անցկացնենք բազում անմոռանալի պահեր :
Զբոսանքներ ջերմ, արևոտ փողոցներում, ուրախ ընկերական երեկույթներ, որոնք կձգվեն մինչև լուսաբաց, լիաթոք ծիծաղ և անսահման ուրախություն: Իսկ ամենակարևորն այն է, որ ժամանակակից դիզայներների ստեղծած հարմարավետ ու գեղեցիկ հանդերձները, որոնց մեջ ապրում է 70-ական թվականների ոճը, ստիպում են մոռանալ առօրյա հոգսերն ու խնդիրները և լիովին տրվել ամառային հանգստին : Ամբողջ տարվա ընթացքում աշխատանքային լարված ու նյարդային օրեր գլորելուց հետո, շատ կարևոր է ամառային արձակուրդներին լիցքաթափվել ու թուլանալ : Իսկ այդ օրերն ավելի տպավորիչ դարձնելու համար նպատակահարմար կլինի կրել հարմարավետ ու նորաձև հագուստներ:
Ամենակարևոր բանը, որ առանձնացնում են անցյալ դարի 70-ական թվականները մյուս ժամանակաշրջաններից, դա այդ ժամանակվա ամենահամեստ աղջիկների ունակություններն են : Բանն այն է, որ նրանք կարողանում էին հագնվել այնպես, որ իսկական ջենտլմենները կարող էին պատկերացնել նրանց առանց հագուստի : Գարուն-ամառ հավաքածուները ներառում են դիզայներների վառ երևակայությունը և անցյալի հիշողությունները : 70-ականների ոճով ստեղծված հագուստները անդրադարձն են այն ժամանակաշրջանի, երբ չկար ավելի կարևոր բան, քան թեթև երեկույթներն էին :



Պատրաստեց Լիանա Կարապետյանը