Այս գիշեր հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն
ОбществоԱռաջիկա օրերին հանրապետության տարածքը գտնվելու է հյուսիսային սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, և եղանակի տաքացում չի կանխատեսվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Ինչպես և կանխատեսվել էր, այս գիշեր հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն, առավոտյան ժամը 07:00 դրությամբ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 47սմ, Սևանում`16 սմ, Տաշիրում և Գյումրիում`13սմ, Հրազդանում և Ապարանում`15սմ, Ֆանտանում`10սմ, Արթիկում`9սմ: Բագրատաշենում, Տաշիրում, Ապարանում, Ֆանտանում, Կապանում և Գորիսում գիշերը թափվել են ամսական նորմայի 60-90%-ի չափ տեղումներ:
Կեսօրից հետո ցիկլոնը կկորցնի իր ուժը, և տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն. մարտի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին կեսօրից հետո թույլ տեղումներ կլինեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում:
Ապրիլի 1-2-ին կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քանի որ առաջիկա օրերին հանրապետության տարածքը գտնվելու է հյուսիսային սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, եղանակի տաքացում չի կանխատեսվում, օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում գիշերը կտատանվի 0+2, ցերեկը +11 +13 աստիճանի սահմաններում»,- գրել է նա: