Տոկիոյում անցկացվեց հայկական մշակութային շաբաթ
КультураՏոկիոյում մարտի 22-27-ն անցկացվեց հայկական մշակույթի շաբաթ, որի ընթացքում տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ` հայ և ճապոնացի արվեստագետների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Շաբաթը մեկնարկեց «Դայկանյամա Հիլսայդ տերաս» սրահների համալիրում, որտեղ Ճապոնիայի «Շոգակայ» միությունը ներկայացրեց հայաստանյան մոտիվներով ճապոնական գեղագրության արվեստը, ցուցադրվեցին հայազգի դիզայներ, նկարիչ Արև Պետրոսյանի և ճապոնացի գեղանկարիչ Մակոտո Մաեդայի աշխատանքները։
Շաբաթվա ընթացքում տեղի ունեցան Արաքս Մանսուրյանի մենահամերգը՝ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ, ինչպես նաև հայ և ճապոնացի երաժիշտների՝ դասական երաժշտության համատեղ համերգներ: Միջոցառումների շրջանակում կայացան նաև հայկական և ճապոնական ֆիլմերի ցուցադրություններ։
Մշակույթի շաբաթը կազմակերպել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), համայնքային կառույցների, Կոմիտաս միության, «Գալերի Գինզա Իչոմե» և այլ ընկերությունների աջակցությամբ։