Oտարերկրյա կազմակերպությունները ներդրումային ծրագրեր են բերել Հայաստան
ЭкономикаԵրևանում անցկացվող Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստը կնպաստի Եվրասիական տնտեսական միության և Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ մի շարք երկրների միջև հարաբերությունների խորացմանը:
Արմենպրեսի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեցՀայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
1992 թվականից ստեղծված Արդյունաբերողների ու գործարարների միջազգային կոնգրեսը (ԱԳՄԿ), որն իր կազմում ներառում է 24 երկրների գործարար կազմակերպությունների, խորհրդի նախագահության նիստն 2016 թվականին իրականացնում է Երևանում: Կոնգրեսի անդամ կազմակերպությունները հետևյալ երկրներից են` Բելառուս, Բուլղարիա, Հունգարիա, Հունաստան, Վրաստան, Իտալիա, Ղազախստան, Չինաստան, Ղրղըզստան, Լատվիա,Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Լեհաստան, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա, Տաջիկստան, Ուկրաինա, Ադրբեջան, Չեխիա, Մոնտենեգրո, Էստոնիա և Հայա ստան: Հայաստանից ԱԳՄԿ-ին անդամակցում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (1997 թվականից):
«Երևանում անցկացվող կոնգրեսի ասամբլեան ունի հիմնական նպատակ` Երևանյան հուշագրի ստորագրումը, որը կնքվում է Կոնգրեսի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև` ի նշան համագործակցության»,-ասաց Արսեն Ղազարյանը` շեշտելով, որ Կոնգրեսը փորձում է Արևմուտք-Արևելք տնտեսական կապերի զարգացման կամուրջ հանդիսանալ:
Նա տեղեկացրեց, որ այս հանդիպմանն իրենց արտերկրի գործընկերները մի քանի ներդրումային ծրագրեր են բերել Հայաստան: «Դրանք գյուղմթերքի վերամշակման, արդյունաբերական թափոնների մաքրման ու զտման, ջրի արտադրության ու արտահանման ոլորտներին են վերաբերում: Այսօր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ընդունել է Կոնգրեսի ղեկավարությանն ու քննարկել այդ հարցերը»,-նշեց Ղազարյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ մեկ-երկու ծրագրի շուրջ կլինի համաձայնություն: «Այսօր ներդրումների ծավալների վերաբերյալ չեմ ցանկանում խոսել, բայց նման ծրագրերը մի քանի տասնյակ միլիոնների շրջանակներում են իրականացվում»,-հավելեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը: