«Չեմ ուզում մանդատ կամ մականուն ունենալ». Վաղինակ Շուշանյան
LifestyleՎերջին տարիներին Հայաստանում ձևավորվեց «քաղաքացիական հասարակություն» կոչվածը: Խնդիրների մասին բարձրաձայնում են հիմնականում երիտասարդները, իսկ նրանցից ամենաակտիվները հայտնվում են ուշադրության կենտրոնում: Այս հանգամանքի լավ ու վատ կողմերին բախվել է «Ո՛չ թալանին» նախաձեռնության հիմնադիրներից Վաղինակ Շուշանյանը, ով բաղրամյանական դեպքերի կիզակետում էր, հետո՝ «Այո-Ոչ» ռեալիթի շոուի եթերում, իսկ վերջերս էլ ուզում էր դառնալ Սպիտակի քաղաքապետ: Այս և այլ հարցերի մասին խոսեցինք նրա հետ:
-Ողջու՛յն, Վաղինա՛կ: Կարճ ժամանակում ստացվեց այնպես, որ դուք հայտնի դարձաք. ԶԼՄ-ները գրում էին ձեր մասին, հանրության ուշադրության կենտրոնում էիք: Ինչ-որ բան արե՞լ եք հայտնի դառնալու համար:
-Եթե անկեղծ, դա այնքան էլ հեշտ գործ չէ, ի սկզբանե իմ առաջ հայտնի դառնալու խնդիր չեմ դրել: Դա սկսվեց 2014-ից, երբ ուզեցին առաջին անգամ հոսանքը թանկացնել:

-Ձեր պոպուլյարության պիկը հունիսի վերջին էր, ինչպե՞ս զգացիք, որ արդեն «էն տղեն» եք:
-Հա, հունիսի 22-ից սկսվեց, բայց ես միշտ փախչել եմ էդ պոպուլիզմից:
-Իսկ աղջիկները շա՞տ են անհանգստացնում:
-Էլ չէ:
-Իսկ մինչ Ձեր նշանադրությու՞նը:
-Մինչև նշանադրությունը հոգիս հանում էին: Դե, դա հայտնի բան է մեր իրականության մեջ, որ էն տղաները, ովքեր մի քիչ ճանաչում են ձեռք բերում, դառնում են հայ աղջիկների «զոհը»:

-Վերջին շրջանում քաղաքական գործընթացների մեջ ակտիվ կերպով սկսեցիք մասնակցություն ունենալ: Ժամանակը չէ՞ մականուն ունենալու համար:
-Ես չեմ փորձում մանդատ կամ մականուն ունենալ: Ճիշտ է, փոքր ժամանակ բակում բոլորս էլ ունեցել ենք մականուն, բայց հիմա տեղին չի լինի:
-Ձեր մականունն ի՞նչ էր:
-Իմը եղել է Ջիմմի:
-Ինչու՞ այդպես:
-Փոքր ժամանակ իմ ամենասիրած ֆիլմի հերոսն էր, իր պարային բոլոր շարժումներն անգիր գիտեի:
-Պարե՞նք:
-Չէ, հիմա չխնդրեք, չեմ անի: /Շատ համոզեցի, բայց չպարեց/:
-Վաղինակ, իսկ գուցե օրիգինալ բան ստացվի, երբ Ջիմմին մտնի հայկական քաղաքական դաշտ: Կզարմացնեք մեր պատգամավորներին:
-Չէ, իրենց համար օտարամոլ կլինի, մեզ մոտ պետք է լինել «Կացին», «Չուգուն» և այլն, որ կարիերան ստացվի:
-Վերջերս հայտարարեցիք, որ ուզում եք դառնալ Սպիտակի քաղաքապետ, հետո հերքեցիք այդ լուրը: ԶԼՄ-ների համար այն մի քանի օր «գրելու թեմա» էր, բայց մարդիկ այդպես էլ բան չհասկացան: Կբացե՞ք թնջուկը:
-Վերջերս իմացա, որ իմ հայրենի Սպիտակ քաղաքում քաղաքապետի ընտրություններ են և մտածեցի, որ գուցե շանս լինի՝ հասնելու հաջողության, որովհետև տեսնում եմ, որ Սպիտակում շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել և խնդիրներից մեկն էլ այն է, որ ես էնտեղ չեմ: Չկա աշխատատեղ, չկա հեշտ կապի ու տրանսպորտի միջոց և այլն: Անցած շաբաթ օրը գնացի Սպիտակ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Հասկացա, որ մեծ գումարներ են պետք թեկնածություն դնելու համար: Եթե հավատանք խոսակցություններին, 60-70 հազար դոլարի մասին է խոսքը, եթե նայենք ռեալ թվերին, ապա մոտ 20 հազար դոլար: Եթե նման խոշոր գումար ձեռք բերելու հնարավորություն ունենայի, կգնեի բնակարան Երևանում: Դրա համար հետ կանգնեցի որոշումիցս:

-Վերջերս որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին այն մասին, թե մոտ 200 հազար դոլար գումար եք ստացել «Այո-Ոչ» ռեալիթի շոուին մասնակցելու համար: Դրան հաջորդեց Ձեր բորբոքված գրառումը Facebook-ում: Այս թնջուկն էլ բացե՞նք:
-Անպայման: Վերոնշյալ ռեալիթի շոուին մասնակցելու առաջարկ եղավ նախագծի հեղինակ Կարեն Քոչարյանի կողմից, և ես համաձայնեցի, երբ իմացա, որ այն հեռարձակվելու է ուղիղ եթերով: Նախագիծն սկսելուց երկու օր առաջ, երբ բոլոր մասնակիցներով քննարկում էին, թե ով ինչ խնդիր կարող է ունենալ 20 օր քաղաքից բացակայելուց, ասացի, որ իմ խնդիրը ֆինանսական է, քանի որ փաստացի տան միակ աշխատողն եմ և օրավարձով եմ աշխատում: Հաջորդ օրն ինձ փոխանցեցին 250 հազար դրամ: Իսկ վերջերս ինչ-որ լրագրող, հղում անելով «իրենց մոտ կանգնած աղբյուրներին», հրապարակեց, թե ես աշխատել եմ 200 հազար ԱՄՆ դոլար: