Հայաստանի նախաձեռնությամբ` ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթանում են աշխատանքներ
ЭкономикаՀայաստանը նախաձեռնել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագիր պատրաստելու հարցը, որն ընթացքի մեջ է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Դա եղել է Հայաստանի նախաձեռնությունը: Դրա հիման վրա ԵԱՏՄ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակում է այդ հարցերը»,-ասաց նա:
Նախարարը դժվարացավ ժամկետների վերաբերյալ որևէ բան ասել` նշելով, որ առկա է հարցերի լայն սպեկտր, որոնք պետք է համաձայնեցվեն անդամ հինգ երկրների կողմից:
«Այնպես չէ, որ երբ հարցը բարձրացվում է, առանց հետաքննելու, թե դա ինչ ազդեցություն կունենա տնտեսության այս կամ այն ոլորտների վրա, միանգամից ստորագրում են: Դա շատ ավելի բարդ գործընթաց է, որն ընթացքի մեջ է»,-ասաց Վաչե Գաբրիելյանը:
Նա նշեց, որ Հայաստանից մեծ խումբ գործարարների` Իրան այցի ժամանակ քննարկել ու մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել «ավելի բարվոք ռեժիմների վերաբերյալ, բայց արտաքին առևտրի բլոկը ԵԱՏՄ մենաշնորհն է»:
Իսկ հարցին ի պատասխան, թե արդյոք հնարավոր է նմանատիպ համաձայնագրով սահմանվի մաքսատուրքերից ազատում` Վաչե Գաբրիելյանն ասաց. «Իրանի հետ հարաբերությունները աշխատանքային խումբն այժմ մշակում է, դրանից առաջ անցնել չենք կարող»: