Աշոտյանի «բարի լուրը»
АналитикаԲարի լուր ՀՀԿ փոխնախագահի կողմից՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում չեն դասավանդելու Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանն ու Սամվել Ալեքսանյանը. այս մասին ինքը՝ Արմեն Աշոտյանն է հայտնել լրագրողներին, որ լրագրողներն էլ հայտնեն հանրությանը և ուրախացնեն:
Թե չէ հանրությունը տագնապի մեջ էր, մտավախություններ կար, որ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում ՀՀԿ-ական երիտասարդներին և ՀՀԿ-ի համակիրներին կսովորեցնեին, որ յուրաքանչյուր բարդ իրավիճակից դուրս գալու ամենաճիշտ ելքը բռնաբարելն է, նաև կծանոթացնեին «հեղինակության», «գողականի» ու «գողի» իմաստային տարբերություններին և նմանատիպ այլ «նրբություններին», ինչպես նաև կսովորեցնեին, որ «ազիզ ջան»-ը ծագումով հայերեն բառ չէ ու «հայեցի» չէ և դրա փոխարեն ավելի ճիշտ ու ավելի «հայեցի» կլինի օգտագործել «աժժ ջան» կապակցությունը. ահա այս ամենը այլևս չի սպառնում ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում ուսանել ցանկացողներին:
Այո´, առաջին հայացքից չի սպառնում, բայց միայն առաջին հայացքից, որովհետև ՀՀԿ-ն միայն մեկ դպրոցով չի սահմանափակվում, ՀՀԿ-ն մեծ կուսակցություն է, որի կազմում կան շատ ուշատ «առաքելմովսիսյաններ» ու «մհերսեդրակյաններ» նաև Ազգային ժողովից դուրս, էլ չասեմ մնացած կիսագրագետների, նախկին վարորդների մասին, որոնց հայհոյախառն բառապաշարն իր հարստությամբ չի զիջում Սեդրակյանի ու Մովսիսյանի բառապաշարին:
Բացի այդ, վերոհիշյալ «ոսկեղենիկ» բառապաշարին ՀՀԿ երիտասարդներն ու համակիրները միշտ հնարավորություն ունեն ծանոթանալու և այն ընդօրինակելու ոչ միայն քաղաքական դպրոցում, այլ թեկուզ հենց Ազգային Ժողովի նիստերի տեսագրությունները դիտելիս: Նրանց նմանները ամենուր են ու քանի կան, ՀՀԿ-ն թեկուզ 10 դպրոց բացի, միևնույն է, որակապես չի փոխվի:
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան