Ավելի քան 60 կազմակերպություն մասնակցում է «Կրթությունը 21-րդ դարում» ցուցահանդեսին
ОбществоԱվելի քան 60 կրթական կազմակերպություններ ու հաստատություններ մասնակցում են «Կրթությունը 21-րդ դարում» Еxpo 2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Մարտի 30-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճի ընդունարանում բացված ցուցահանդեսին ներկայացված են նաև Ռուսաստանի Դաշնության ավելի քան 10 բարձրագույն և մասնագիտական կրթական հաստատությունների ծրագրեր:
«Ցուցահանդեսն անցկացվում է առաջին անգամ և միավորում է Հայաստանի և Ռուսաստանի բուհերին: Ռուսաստանի բուհերը Հայաստան են եկել` շփվելու դպրոցականների, ուսանողների հետ, ցույց տալու իրենց ծրագրերը և հրավիրելու սովորել առաջատար բուհերում: Հայաստանից ավելի քան 200 դիմորդներ այս աշնանը Ռուսաստանում կրթություն կստանան մի շարք մակարդակներում»,- նշեց միջոցառման համակազմակերպիչ, Երևանում Կրթության և գիտության ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը շեշտեց, որ ցուցահանդեսին մասնակցում են ռուսաստանյան բուհերի ներկայացուցիչներ:
«Ցուցահանդեսին մասնակցում է 10-ից ավելի ռուսական առաջատար բուհ և հայաստանյան մասնաճյուղ: Նրանք երեք օրվա ընթացքում ներկայացնելու են իրենց կրթական ծրագրերը, պատմելու են ռուսական բուհեր ընդունվելու առանձնահատկությունների և սովորելու մասին»,-շեշտեց դեսպանը:
Ցուցահանդեսն անցկացվում է մարտի 30-ից ապրիլի 1-ը ՀՀ կառավարության նիստերի դահլիճի ընդունարանում: Միջոցառմանն աջակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Ցուցահանդեսի մասնակից կրթական հաստատությունների ներկայացուցիչները դիմորդներին և այցելուներին կպատմեն ընդունելության կարգի, կրթաթոշակների, հիմնական քննությունների հանձնման և ուսանողական կյանքի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև կկազմակերպեն ընդունելության թեստեր և օլիմպիադաներ: Ցուցահանդեսի ընթացքում Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն առաջին անգամ կներկայացնի Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերում անվճար կրթության ծրագիրը և ավելի քան երկու հարյուր դիմորդների շրջանում կանցկացնի մրցութային ընդունելություն ` 2016-2017 թ.թ. ռուսական բուհերում սովորելու համար: