«Երևանյան հեռանկարներ»-ը 2016-ին բացառիկ արտիստների կբերի Հայաստան
Культура«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը խոստանում է 2016-ին երաժշտասերներին յուրահատուկ անակնկալներ` բացառիկ հյուրերի ու համերգների տեսքով:
«Երևանյան հեռանկարներ»-ի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փառատոնի տարվա ծրագիրը որդեգրած նպատակներին համահունչ կլինի:
«Ապրիլի 4-ին «Բյուրական» արվեստի ակադեմիայում կնշվի կառույցի հիմնադրման մեկամյակը, կամփոփվի անցյալ տարվա գործունեությունը: Անցյալ տարի փառատոնի շրջանակում բավականին մեծ աշխատանք կատարվեց թե’ Հայաստանում, թե’ արտերկրում: Փոքրիկ համերգ կլինի ակադեմիայում, որը կազդարարի այս տարվա փառատոնի սկիզբը: Այդ օրը նշում ենք նաև փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակը»,-նշեց Սոնա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` ապրիլին մայրաքաղաքում կարևոր միջոցառումներ են նախատեսվում:
«Մենք յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին պետք է փորձենք որևէ մեծ, եզակի միջոցառում անել: Այս տարի ապրիլի 24-ին կլինի եզակի համերգ. Էստոնիայի տղամարդկանց պետական երգչախումբը, որը Եվրոպայի լավագույններից է և 50 հոգուց է բաղկացած, համերգով հանդես կգա Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Նրանք մասնակցել են «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի միջոցառումներից մեկին, որտեղ հայկական ծրագիր էին պատրաստել: Որոշեցինք, որ համերգը լինի եկեղեցում: Այն տեղի կունենա ապրիլի 23-ի ուշ երեկոյան` ժամը 23:00-ին: Շատ բացառիկ, ազդեցիկ համերգ է լինելու»,-խոստանում է Սոնա Հովհաննիսյանը:
Բացի այդ, «Երևանյան հեռանկարներ»-ն այս տարի ապրիլի 26-ին կնշի հիմնադրման 15-ամյակը: «Այն անցյալ տարի պետք է նշեինք, որովհետև փառատոնը 2000 թվականին էր հիմնադրվել, բայց Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներ էինք իրականացնում: Հոբելյանական երեկոյի գեղարվեստական մասը շատ գեղեցիկ կլինի, կլինեն հյուրեր, երաժիշտներ: Հոբելյանին կմասնակցի Էստոնիայի Հորտուս Մուզիկուս անսամբլը, Էստոնիայի տղամարդկանց պետական երգչախումբը, Հայաստանից բազմաթիվ կոլեկտիվներ, նվագախմբեր, մենակատարներ: Շատ մեծ է եղել հայ երաժիշտների մասնակցությունը փառատոնի իրականացման գործում »,-ընդգծեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրենը: Նրա տեղեկացմամբ` Հորտուս Մուզիկուսն առանձին համերգով ելույթ կունենա ապրիլի 27-ին:
Հաջորդ համերգով փառատոնը Հայաստան կբերի ռուս ճանաչված դաշնակահար Միխայիլ Պլետնյովին, ով մեր երկրում համերգ կունենա մայիսի 10-ին: Հունիսին նախատեսվում է The Hagen Quartet-ի վերադարձը Հայաստան:
Սոնա Հովհաննիսյանի տեղեկացմամբ` աշնանը սպասվում է իսկական աստղաբույլ, քանի որ Հայաստան կժամանեն անգլիացի ջութակահար Նայջլ Քենեդին, անգլիական The King's Singers խումբը, որը 2011-ին յուրահատուկ համերգ է ունեցել Երևանում: Հյուրերի թվում է նաև հայտնի կին դիրիժոր Ջեսիկա Քոթիսը:
«Կարծում եմ, որ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբին հնարավոր կլինի հրավիրել և դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիներին: Կլինեն նաև բազմաթիվ վարպետության դասեր Բյուրական ակադեմիայում` անվանի երաժիշտների մասնակցությամբ»,-եզրափակեց Սոնա Հովհաննիսյանը:
«Երևանյան հեռանկարներ» -ը դասվում է Եվրոպայի լավագույն փառատոների տասնյակում՝ ծրագրում ներկայացնելով աշխարհի առաջատար նվագախմբերի և մենակատարների, որոնց թվում Վիեննայի Ֆիլհարմոնիկ և Թագավորական Կոնցերգեբաու, Մարիինյան սիմֆոնիկ և Բեռլինի պետական նվագախմբերը, Վալերի Գերգիևը, Դանիել Բարենբոյմը, Պինկաս Ցուկերմանը, Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը և այլք: Փառատոնն իրականացնում է մշակութային քաղաքականությանը և կրթությանը վերաբերող լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում 2015-ի ապրիլին բացվեց փառատոնի ակադեմիան` Բյուրականում:
Զուգահեռաբար անցկացրել է «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը, որի շրջանակներում «Երևանյան հեռանկարների» բարեկամ աշխարհահռչակ երաժիշտները համերգներով հանդես են եկել ամենահեղինակավոր համերգասրահներում՝ հարգանքի տուրք մատուցելով և հրավիրելով միլիոնավոր մարդկանց ուշադրությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: