Մեղրիին և Ագարակին կմատակարարվի իրանական գազ
ЭкономикаՍյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքների բնակչությանը կմատակարարվի իրանական գազ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
Կառավարությունը մարտի 31-ի նիստում թույլատրեց այս երկու համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի գլխավոր կապալառու իրանական «Սաներջի» ընկերությանն իրականացնել գազաբաշխիչ համակարգի շինարարությունը:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է գործընթացի վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, նախարարն ասաց, որ պարզապես այն միակ մասնագիտական կառույցն է, որը կարող է հայկական կողմից տեխնիկական կատարման մակարդակը վերահսկել:
Մյուս հարցին՝ ինչ գնով է մատակարարվելու իրանական գազը Մեղրիին և Ագարակին՝ Յոլյանը հստակ պատասխան չտվեց:
«Շինարարական աշխատանքներ կլինեն, բնակչին կհասնի գազը, եթե թանկ լինի, բնակիչն ինքը կարող է որոշում կայացնել՝ սպառե՞լ, թե ոչ»,-ասաց նա:
Իրանի և Հայաստանի կառավարությունների միջև 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ԻԻՀ-ի կողմից ՀՀ-ին զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր, որով ԻԻՀ կառավարությունը համաձայնել է հուշագրի շրջանակներում տրամադրել 2 մլն դոլար, որպես դրամաշնորհ ՀՀ-ում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:
Աշխատանքների իրականացման ժամանակացույցի համաձայն, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում էր 2016թ. սկզբին,ավարտը` 6-7 ամսվա ընթացքում: