Շքեղ անցյալի և թշվառ ծերության խաչմերուկում
Культура«Ժամանակի վարագույրը» մենադրաման ցնցել էր հանդիսատեսին: Երեկ՝ մարտի 30-ին, Երևանի պետական կամերային թատրոնում հանդիսատեսը կրկին հնարավորություն ունեցավ վայելել ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանի բեմադրած «Ժամանակի վարագույրը» մենադրաման, որը նվիրված է հայ բեմի առաջին կին պրոֆեսիոնալ դերասանուհի Արուսյակ Փափազյանի կենսագրական դրվագներին, նրա գործունեությանը և կյանքի վերջին օրերին:
Դերակատարը հայտնի և սիրված դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանն էր, ով իր խաղով կարողացավ ոչ միայն մոտ մեկ դարով հետ տալ ժամանակը, այլև հանդիսատեսին ներկայանալ որպես իրական Արուսյակ Փափազյան: Նրա խաղն այնքան էր հուզել հանդիսատեսին, որ ներկայացման ողջ ընթացքում ժամանակ առ ժամանակ փոքրիկ դադարներով «ընդհատվում էր» հանդիսատեսի բուռն ծափերի և բրավոների պատճառով, իսկ ներկայացման նուրբ և զգայուն ավարտը հանդիսատեսին այնքան էր հուզել, որ մարդիկ, չկարողանալով զսպել արցունքները, երկար ժամանակ չէին կարողանում զգալ ներկան:
Ներկայացման ավարտից հետո Orer.am-ի հետ զրույցում Հ.Տեր-Կարապետյանը նշեց, որ երբ ինքն իր մայրիկի` Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ թատերական գործիչների միության ոսկե մեդալակիր, թատերագետ Վարսենիկ Գրիգորյանի հետ աշխատել է հայ դերասանուհիների կյանքին ու կենսագրությանը նվիրված աշխատության վրա, որը մոտ 25 տարվա երկար ու ձիգ աշխատանք է պահանջել, որպես դերասանուհի երդվել է, որ մի օր պետք է խոնարհվի նրանց հիշատակի առջև. «Ես խոստացել էի երեք հոգու պատմությունը բեմ հանել:
Առաջինը Մարին Վարդին բեմ հանեցի, երկրորդը Սիրանույշն էր և երրորդը` Արուսյակ Փափազյանը: Կարող եմ ասել, որ հոգուս պարտքը կատարել եմ, սակայն հայ բեմի կին վարպետների շարքն այսքանով չի ավարտվում: Հաջորդ կերպարը, որն ամենայն հավանականությամբ կմարմնավորեմ, նվիրված կլինի Զապել Եսայանին, որը նույնպես շատ ողբերգական ճակատագիր է ունեցել»,- ասաց Հ. Տեր-Կարապետյանը: Խոսելով ներկայացման ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանի հետ համատեղ աշխատանքի մասին՝ սիրված դերասանուհին նշեց, որ իրենք բավականին արդյունավետ են աշխատում և շատ լավ գործընկերներ են:
«Հիմա եք ինձ այսպես ուրախ տեսնում, քանի որ նոր է ներկայացումն ավարտվել, բայց ներկայացումից առաջ շատ դժվար է ինձ հետ շփվելը: Ընդհանրապես ներկայացումից երկու օր առաջ մեկուսանում եմ, փակվում է ամեն ինչ, ո՛չ զանգերի եմ պատասխանում, ո՛չ հանդիպումներ եմ ունենում ու երբ խախտում եմ «ավանդույթը», ինչ-որ բան է տեղի ունենում ինձ հետ»,- ասաց Հ.Տեր-Կարապետյանը:
Ի դեպ, նույն հարցին, թե հե՞շտ է արդյոք Հ. Տեր-Կարապետյանի հետ աշխատելը, ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանը պատասխանել էր, որ իրեն հաջողվել է գտնել այն լուսավոր կետը, որի շնորհիվ համատեղ աշխատանքն այնքան ներդաշնակ է, որ նույնիսկ խոսքերն են սկսում ավելորդ թվալ:
Այնպես որ, հայ բեմի առաջին պրոֆեսիոնալ դերասանուհու կյանքի վերջին օրերի մասին պատմող ներկայացումը սոսկ ներկայացում չէ, այլ իրականում ճիշտ և ճիշտ կյանքի վարագույր է, տաղանդաշատ դերասանուհու կյանքից մի փոքրիկ պատառիկ, որը թույլ է տալիս շոշափել թե՛ անցյալ դարի ժամանակի շունչը, թե՛ զգալ այդ օրերի ապրումները, թե՛ օրեր շարունակ վերապրել բեմից մատուցված զգացմունքները:
Արմինե Գրիգորյան