Լևոն Յոլյանն ակնկալում է, որ գազի նոր գինը հայտնի կդառնա մինչ Մեդվեդևի այցը
ЭкономикаՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը խորհուրդ տվեց լրագրողներին գազի սակագնի հետ կապված կանխատեսումների շուրջ իրեն հարցեր չտալ: «Կանխատեսումներով ինձ մի դիմեք»,- ասաց Յոլյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանում հայտարարելո՞ւ է գազի գնի նվազեցման մասին:
«Ես սպասում եմ, որ ավելի շուտ կասենք»,- հակիրճ ասաց նախարարը և հորդորեց, որպեսզի բանակցությունների ընթացքի վերաբերյալ, երբ չկա շոշափելի արդյունք, իրեն հարցեր չտալ:
Ի դեպ, Մեդվեդևը Հայաստան է ժամանելու ապրիլի 7-8-ին:
Դիտարկմանը, որ ինքն ավելի վաղ հայտարարել էր, թե մինչև ապրիլի մեկը գազի գինը կհայտարարվի, Յոլյանը պատասխանեց. «Ես ասել եմ՝ մինչև ապրիլի մեկը կլինի պատասխան, և գործընթացն ընթանում է, աշխատանքներն իրենց հետ տարվում են»,- ասաց նա:
Միաժամանակ, Յոլյանն ասաց, որ իրեն դեռևս գազի գնի վերաբերյալ բան չեն ասել, ուստի չի կարող տեղեկացնել՝ ճի՞շտ են, արդյոք, մամուլում տարածված լուրերը, ըստ որոնց, ՌԴ-ն գազի գինը նվազեցնելու է 12 տոկոսով:
Յոլյանը չհամաձայնեց նաև լրագրողների այն կարծիքին, որ Հայաստանը, կարծես, խեղճանում է Ռուսաստանի առաջ: «Ի՞նչ առումով է Հայաստանը խեղճանում: Հայաստանն այսօր բանակցային կողմ է այդ դաշտում: Ես ձեզ բացատրում եմ, որ գնում են բանակցություններ, գազի գինն ինչ կլինի, բոլորդ կիմանաք: Հիմա դուք հարց եք տալիս՝ ինչո՞ւ է խեղճանում: Ես խեղճացող չեմ անգամ ձեր առաջ»,- ընդգծեց նախարարը: