«Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը կներկայացնի լեհական մշակույթը
КультураՀաջորդ տարի կազմակերպվելիք «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնին կներկայացվեն ոչ միայն լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու գործերը:
Այս մասին նշեց իրադարձության կազմակերպիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
«Մենք ցանկանում ենք Հայաստանում կազմակերպել Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված արդեն չորրորդ փառատոնը: Նախատեսում ենք մատուցել նրա մեծ կտավի գործերից մեկը, որը վաղուց ցանկություն ունենք ներկայացնելու այստեղ: Ստեղծագործությունը կոչվում է «Երուսաղեմի յոթ դարպասները» («Seven Gates of Jerusalem») »,- նշեց Սոնա Հովհաննիսյանը: Նրա խոսքով` հնարավոր է, որ փառատոնն ընդլայնված լինի:
«Այսինքն` ոչ միայն Պենդերեցկու գործերը հնչեն, այլև ընդհանրապես լեհական մշակույթը ներկայացվի: Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ և 2017-ին այն տեղի կունենա»,-շեշտեց նա:
Ավելի վաղ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն և մեծանուն կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու կին Էլժբետա Պենդերեցկան նշել էր, որ Երևանում հաջորդ տարի հնարավոր է անցկացվի «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը:
«Պենդերեցկու օրերը Հայաստանում» միջոցառումների վերջին շարքը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 13-17-ը: Այն կազմակերպել էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը: Հայ երաժշտասերին ներկայացվել են լեհ կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները:
Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Նրա նախնիները եղել են լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր: Հայաստան այցի ժամանակ նա հայտարարել է, որ երջանիկ է վերադառնալ տուն: Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է: Բազմաթիվ հաստատությունների պատվավոր դոկտոր և պրոֆեսոր է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013-ի նոյեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: