ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ՉԺՀ դեսպանը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը
ЭкономикаՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ապրիլի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և դեսպանության տնտեսական և կոմերցիոն հարցերով խորհրդական Շիցայ Վանին:
Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, արտաքին կապերի կոորդինացման բաժնի պետ Հասմիկ Սարգսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար, նշելով, որ արձանագրայինից բացի, սա նաև լավ հնարավորություն է գործնականում խոսելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին:
Ողջունելով հյուրերին, Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատել հայ-չինական համագործակցությունը, նախարարության հետ իրականացվող աշխատանքները` կարևորելով Չինաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման ու խորացման անհրաժեշտությունը, նաև նշելով, որ էկոնոմիկայի նախարարությունը բոլոր ջանքերը կգործադրի դրանց արդյունավետ իրականացման համար:
Անդրադառնալով 2015 թվականի դեկտեմբերին Պեկինում կայացած առևտրատնտեսական հարցերով հայ-չինական հանձնաժողովի աշխատանքներին, նախարարը նշել է, որ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործարար նախագծերի իրականացման ուղղությամբ և ժամանակն է դրանք կյանքի կոչելու: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցմանը, շինանյութերի արտադրության կազմակերպմանը, հայ-չինական համատեղ ընկերությունների ստեղծմանը: Դրանց իրականացման համար դեսպան Թիան Էրլունը նշել է նաև պետության պատրաստակամությունը` աջակցելու մասնավոր հատվածի ներգրավմանն այդ աշխատանքներին:
Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի դիտարկմանը ծրագրերի իրականացման արդյունավետության համար Հայաստանում չինարեն լեզվի ուսուցման կարևորությանը, դեսպանը հայտնել է, որ արդեն հունիսին կմեկնարկի չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ կա մեծ ներուժ այս ոլորտը ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:
Չինացիներին Հայաստանն ավելի ճանաչելի ու մեր երկրի գրավչությունն առավել հասանելի դարձնելու համար, էկոնոմիկայի նախարարը նշել է զբոսաշրջության ոլորտի չինական լրատվամիջոցների ներկայացուցիչների ճանաչողական այցի անհրաժեշտությունը մեր երկիր:
Իր հերթին դեսպան Էրլունը տեղեկացնել է Արծվիկ Մինասյանին ընթացիկ տարվա մայիսի կեսերին Չինաստանում կայանալիք տուրիզմի հարցերով խոշոր միջազգային կոնֆերանսի մասին` հավելելով, որ չինական կողմը ուրախ կլինի այդ միջոցառմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին որպես պատվավոր հյուր տեսնելու:
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են բոլոր ուղղություններով հայ-չինական համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը: