Ասորական համայնքը նշում է Նոր տարին. ասորիները գոհ են Հայաստանում ստեղծված պայմաններից
ОбществоՀայաստանի ասորական համայնքն ապրիլի 1-ին մեծ շուքով նշում է Նոր տարին: Արարատի մարզի Վերին Դվին համայնքի գյուղապետարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ասորիների 6766 թվականին: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Միջոցառման մեկնարկին ընթերցվեց ասորիների Նոր տարվա կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:
«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Մաղթում եմ, որ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնը նոր հաջողություններ բերի և նոր ծրագրերի իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար: Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան պատերազմներն ու փորձությունները: Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջան կություն և բարօրություն»,- ասված է ՀՀ Նախագահի ուղերձում:
Լրագրողների հետ զրույցում Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան ընդգծեց, որ ապրիլի 1-ին լրանում է ասորիների 6766 թվականը: «Ասորիները Նոր տարին նշում են ապրիլի 1-ին, որովհետև Հին Ասորեստանում ընտրել են հենց այդ օրը, որը խորհրդանշում է գարնան, բնության զարթոնքը: Դա նաև մեծ խորհուրդ է եղել պետականության պահպանման համար: Հին Ասորեստանում Նոր տարին նշել են 12 օր՝ ապրիլի 1-ից մինչև 12-ը: Եվ յուրաքանչյուր օր ունեցել է իր խորհուրդը: Ես, օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլոր ասորիներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ»,- նշեց Լյուդմիլա Պետրովան:
ՀՀ-ում ԱՄն արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն իր խոսքում նախ ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել միջոցառմանը: «Նոր տարվա տոնակատարության մասնակցելը միշտ հաճելի է ցանկացած վայրում: Ես այսօր առանձնահատուկ ուրախ եմ, որ այս առիթով գտնվում եմ Դվինում, որովհետև երկար ժամանակ ես ցանկանում էի այստեղ գալ, տեսնել, թե ինչպես են ասորիներն այստեղ ապրում իրենց հայ հարևանների հետ միասին: Եվ այն, ինչ ես այստեղ տեսնում եմ, դա ուղղակի շատ լավ օրինակ է, որը պետք է կրկնել նաև այլ երկրներում: Թույլ տվեք շնորհավորել ձեզ այս տոնի առթիվ և նշել, որ ասորական համայնքը Միացյալ Նահանգներում՝ Դեթրոյթում, Չիկագոյում այսօր ձեզ հետ միասին նույնպես նշում է այս տոնը: Իսկ հաջորդ անգամ, երբ լինեմ Միացյալ Նահանգներում այսօրվա հետ կապված իմ հիշողությունները կկիսեմ նրանց հետ,- ընդգծեց դեսպանը:
Հայաստանի ասորիների «Աթուր» միության նախագահ Արսեն Միխայլովը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք շատ ուրախ են նրա համար, որ հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետությունում տոնել ասորական Նոր տարին: «Ես ողջունում եմ բոլոր ասորիներին այս օրվա կապակցությամբ, քանզի այս օրը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի՝ էթնիկ մշակույթը պահպանելու տեսանկյունից: Ելնելով սրանից՝ ես պետք է նշեմ, որ Հայաստանում ասորական համայնքը հասել է այն մակարդակին, որ կարողանում է պահպանել և զարգացնել իր լեզուն և մշակույթը»,- նշեց Մի խայլովը:
Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, Հայաստանի իշխանություններին՝ իրենց լայն հնարավորություններ ընձեռելու համար: «Հայաստանի Հանրապետությունը մեզ տվել է մեծ հնարավորություններ, որոնք մենք այսօր պետք է օգտագործենք կրթական, մշակութային, ազգային ինքնությունը պահպանելու և զարգացնելու համար: Եվ սխալ կլիներ, եթե մենք չօգտվեինք այդ հնարավորություններից, որոնք տրված են մեզ Հայաստանում: Օրինակ՝ հարևան երկրներում մեր համայնքներն այդքան հնարավորություններ չունեն: Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ասորական համայնքին մաղթում ե մ հաջողություններ, առողջություններ: Թող երբեք չմոռանան՝ ովքեր են իրենք, ինչ արժեքներ են կրում և ինչպես պետք է զարգացնեն այդ արժեքները»,- հավելեց նա:
Միխայլովն անդրադարձավ նաև Սիրիայում և Իրաքում ասորիների խնդիրներին: Նա ընդգծեց, որ իրենք ցավով են հետևում այն ամենին, ինչ կատարվում է ասորի ժողովրդի հետ Սիրիայում և Իրաքում՝ հավելելով, որ բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ հարկավոր է վերջ դնել այդ ոճրագործությանն ասորի ժողովրդի նկատմամբ: