Ամեն տարի աուտիզմով ախտորոշվող երեխաների թիվը զգալիորեն աճում է
ОбществоԱմեն տարի աուտիզմով ախտորոշվող երեխաների թիվը զգալիորեն աճում է: Սյս մասին նշեց «Աուտիզմ» ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սոնա Պետրոսյանը:
«Ե'վ Հայաստանում, և' աշխարհում աուտիզմով շատ երեխաներ կան: Ամեն տարի աուտիզմով ախտորոշվող երեխաների թիվը զգալիորեն աճում է: Արդեն գիտենք, որ աշխարհում ամեն 68-րդը ախտորոշվում է աուտիզմով: Հայաստանի մասով ամբողջական վիճակագրությունն չկա, քանի որ աուտիզմով շատերը չեն դիմել և չեն ստացել ախտորոշում»,- նշեց նա:
Սոնա Պետրոսյանի տեղեկացմամբ`հայաստանյան ԱրԲեՍ առողջության կենտրոնի աշխտորոշումների արդյունքում 2015 թվականին 157 նոր դեպք է հայտնաբերվել:
«2007-2015 թթ. հաստատությունում ախտորոշվել է աուտիզմով 1001 երեխա: Կան երեխաներ, մեծահասակներ, որոնք տանից դուրս չեն գալիս, ոչ մի տեղ չեն հաճախում»,-հավելեց նա`հատուկ շեշտելով, որ աուտիզմով մարդկանց աջակցում է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը, որը հիմնադրվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ:
Հայաստանում ապրիլի 2-ին ամեն տարի աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք է կազմակերպվում: Արդեն իսկ կազմակերպվել է հեծանվաերթ, նկարների աճուրդ, որի հասույթը կուղղվի բարեգործության, ինչպես նաև աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ ցուցադրվել է Ռուզաննա Վարդերեսյանի հեղինակած «Աուտիզմ մոլորակ» վավերագրական ֆիլմը: Նախատեսված են նաև այլ միջոցառումներ: Երեկոյան Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը կլուսավորվի կապույտ լույսով, կհնչի «Աուտիզմ» ազգային հիմնադրամի «Աստծո հրեշտակներ» հիմնը: