Միասնական աղոթք՝ Արցախի խաղաղության, վիրավորների ապաքինման և զոհվածների հոգու հանգստության համար
ОбществоԱմենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ` ապրիլի 4-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Հանրապետական աղոթք հղվեց առ Աստված և մատուցվեց հոգեհանգստյան արարողություն:
Տաճարը լիուլի էր տարբեր տարիքի ու սեռի հավատավոր հայերով: Եկեղեցական միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ժողովրդին ուղղված իր քարոզում Գարեգին Երկրորդ կաթողիկոսը նկատեց, որ թեպետ իրավիճակը Արցախի սահմանային մի շարք հատվածներում մնում է լարված, բայց հայրենիքի պաշտպանները շարունակում են արժանի հարված տալ հակառակորդին: «Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր համախմբվել ենք միասնաբար աղոթք բարձրացնելու մեր երկրի ու ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի, հայրենյաց սահմանները պաշտպանող հայոց բանակի հրամանատարների ու զինվորների անվտանգ ու հաղթական ծառայության համար:
Ադրբեջանի կողմից այս օրերին սանձազերծված ռազմական գործողություններին մեր բանա կի քաջարի զինվորները դիմակայեցին անձուրաց կերպով՝ ծանր մարտերում հետ մղելով հակառակորդին ու պատճառելով զգալի կորուստներ: Մեր ողջ ժողովուրդը հայրենասիրության և ազգասիրության զորեղ զգացումով ինքնաբուխ զորաշարժ սկսեց: Կամավորական խմբերը ելան մեր բանակի արիասիրտ զավակների հետ վճռականորեն հանձնառությամբ պաշտպանելու հայրենի երկրի սահմանները, Արցախի մեր ժողովրդի ազատ կյանքի արդար իրավունքը»,-ասաց կաթողիկոսը՝ հավելելով, որ հայ ժողովուրդը քաջալերված է՝ տեսնելով մեր բանակի մարտունակությունը, ազգի զավակների նվիրումն ու խիզախությունÕ ¨:
«Ադրբեջանի կողմից հրադադարի անընդմեջ խախտումները, դիվերսիոն գործողությունները, սահմանամերձ բնակավայրերի պարբերական գնդակոծությունները վկայում են ու փաստում, որ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունենրի հիմնական զսպիչ ուժը արդարև մեր բանակի հզոր պաշտպանությունն է, նաև միջազգային հանրության արդար ու անկողմնակալ գնահատականը Ադրբեջանի ռազմատենչ, անընդունելի ու դատապարտելի վարքագծին, որը մեր ժողովրդի իրավացի սպասումն է»,-ավելացրեց Վեհափառը:
Կաթողիկոսը նշեց, որ այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները ևս մարտնչող զինվորների կողքին են՝ հավատքով զորացնելով ու քաջալերերով հայրենյաց պաշտպաններին ու աղոթելով, որ միշտ հաղթական լինի հայ զինվորի բազուկը:
«Մեր աղոթքն ու զորակցությունն ենք բերում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, հրամանատարներին ու զինվորներին, որ նախանձախնդիր ջանքեր են ներդնում հայրենի մեր երկրի ապահովությունն ու անվտանգությունը պաշտպանելու, խաղաղություն վերահաստատելու համար: Աղոթք ենք բարձրացնում մարտերում ու սահմանամերձ բնակավայրերում զոհված մեր զավակների՝ զինվորների ու խաղաղ բնակիչների հոգիների հանգստության ու երկնային լուսեղեն օթևաններում բնակության համար՝ մեր վշտակցությունը բերելով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար: Աղոթում ենք նաև աշխարհի ու մեր հայրենքի խաղաղության համար՝ հայցելով, որ մեր ժողովուրդը հավատքով ու արի ոգով հաղթահարի նաև այս դժվարություններն ու մարտահրավերները»,-խոսքը եզրափակեց Վեհափառ Հայրապետը: