«Այս պատերազմում հույսներս պետք է դնենք բացառապես ինքներս մեզ վրա»
БлогԱրմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախյան հակամարտության վերջին սրացումներով պայմանավորված՝ հայ և ադրբեջանական հասարակաություններում տիրող բարոյահոգեբանական վիճակի չափման գործում որպես յուրօրինակ ցուցիչ կարող է ծառայել երկու երկրների՝ սեփական ներքին լսարաններին ուղղված քարոզչական գործունեության համեմատական որոշ առանձնահատկություններ:
Շատ չխորանալով առանձին մանրամասներում՝ փորձենք ընդգծել որոշ ակնհայտ իրողություններ:
1. Հայկական տեղեկատվական դաշտում շրջանառվող նաև նպատակային քարոզչական նշանակություն ունեցող հրապարակումներում անհամեմատ կերպով գերակշռում են ռազմաճակատում արձանագրված հաջողություններին, համընդհանուր ու վերջնական հաղթանակին, հայ ժողովրդի միասնականությանը, մարտական ոգու վերաբերյալ և այդ բովանդակային տիրույթում տեղավորվող նմանատիպ այլ անդրադարձներ: Շրջանառվում են երգ ու պարով մարտադաշտ շտապող կամավորական խմբերի, հակառակորդին հասցված մարդկային և տեխնիկական կորուստների, ռազմադաշտում ընկած հայ Հերոսների վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր: Ասել է թե՝ հայրենի պետական և մեդիաքարոզչության հիմքը՝ «Այս պատերազմում հույսներս պետք է դնենք բացառապես ինքներս մեզ վրա» բովանդակային թեզն է՝ հնչեցված ՀՀ բարձրագույն քաղաքական և ռազմական իշխանությունների կողմից: Իսկ այն, որ նման մոտեցումը կատարելապես հաջողեց, ականատես ենք լինում յուրաքանչյուրս՝ մեզանում համընդհանուր տիրող վճռականության և հայրենասիրական ոգու նախանձելի վերելքի դրսևորումներով:
2. Նույն հարցում տրամագծորեն այլ մեթոդաբանությամբ են գործում թշնամի պետության՝ Ադրբեջանի իշխանություններն ու քարոզչամեքենան: Չունենալով սեփական հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա ազդելու իրական, առարկայական լծակներ՝ թշնամին ստիպված է ադրբեջնական լսարանին պահել տեղեկատվական համակողմանի շրջափակման մեջ՝ ամեն կերպ խուսափելով ռազմաճակատի իրական վիճակի և հատկապես մարդկային ու ռազմատեխնիկական կորուստների վերաբերյալ ճշմարտությունից զգալիորեն հեռու տվյալներ (դրոնք առնվազն 10 անգամ պակաս են իրական հետևանքներից):
Իսկ հասարակության բարոյահոգեբանական ոգին ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է բարձրացնել արտաքին որոշ «եղբայրական», «բարեկամական» երկրների կողմից Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանող, շատ հաճախ կասկածելի բովանդակությամբ հրապարակումներով՝ «Թուրքիան, Պակիստանը, Բելառուսն իրենց օգնությունն են առաջարկել Բաքվին», «Ինգուշներն աջակցում են Ադրբեջանին», «Թբիլիսին պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», «ԵԽԽՎ ղեկավարը կոչ է արել դուրս բերել հայկական զորքերը Ղարաբաղից», «Մի շարք նախկին առաջնորդներ դիմել են Իլհամ Ալիևին», Թուրքիայի տարբեր տրամաչափի պաշտոնյաների գոտեպնդող հայտարարությունները և այլ նմանաբովանդակ վերնագրերով: Բացառիկ են կամավորական շարժման, հասարակական դիրքորոշումների և նման բնույթի՝ առավել առարկայական նշանակության նյութերը:
Իսկ թե որքանով կարող է նման գործելաոճն ազդել որևէ հասարկության բարոյահոգեբանական վիճակի վրա՝ սեփական «հաղթանակների» մասին անորոշ և հակառակորդի «կորուստների վերաբերյալ» անհիմն հրապարակումներին զուգահեռ, դժվար չէ ենթադրել…