Մոսկվայում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու վերաբերյալ ՀՀ վարչապետը դեռևս վերջնական որոշում չի կայացրել. Գոհար Պողոսյան
ЭкономикаԵվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվա տեղափոխելու հարցի առնչությամբ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանին:
Հարց. «Արդյոք կա՞ որոշում, Երևանից Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվա տեղափոխելու մասին»:
Պատասխան. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ղազախստանի կառավարության ղեկավարը վարչապետ Աբրահամյանին առաջարկել է ապրիլի 8-ին Երևանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը տեղափոխել Մոսկվա, ինչի առնչությամբ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ իր կարծիքով նիստի վայրը տեղափոխելու որևէ լուրջ պատճառ չկա: Պարոն Աբրահամյանը նշել է նաև, որ եթե մյուս վարչապետների կողմից որոշում լինի նիստը անցկացնել Մոսկվայում, ապա իր մասնակցության մասին լրացուցիչ կհայտնի»:
Իսկ այն հարցին՝ ՀՀ վարչապետը մասնակցելո՞ւ է առաջիկա նիստին, թե՞ ոչ՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ այս պահի դրությամբ վարչապետը դեռևս որոշում չի կայացրել: