ԱՄՀ-ն տնտեսական աճի վրա ԼՂ գոտու իրադարձությունների մեծ ազդեցություն չի կանխատեսում
ЭкономикаԱրժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավար Հոսեյն Սամիին ցավում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության սրման ու դրա հետևանքով մարդկային կորուստների համար:
Նրա խոսքով` քանի որ իրադարձությունը տեղի է ունեցել վերջին օրերին, միջազգային ֆինանսական կառույցը չի գնահատել դրա տնտեսական ազդեցությունը:
«Մենք շատ ցավում ենք, որ տեղի ունեցավ լարվածության սրում, մենք ցավում ենք կյանքի կորուստների փաստի համար: Հուսով եմ, որ կվերականգնվի խաղաղությունը: Ուրախ ենք, որ հիմա կրակը դադարել է, հուսով եմ, որ այն կպահպանվի:
Քանի որ իրադարձությունները երկու օր առաջ են տեղի ունեցել, մենք առիթ չենք ունեցել գնահատելու դրանց տնտեսական հետևանքները: Այս պահին չեմ կարծում, որ այդ իրադարձությունը տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն է ունենալու»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հոսեյն Սամիին:
Ապրիլի 6-ին կայացած ասուլիսին ԱՄՀ ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի տնտեսական աճը 2016-ին ավելի ցածր է լինելու նախորդ տարվա համեմատ: Սակայն Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշն ավելի բարձր կլինի, քան տարածաշրջանի որոշ այլ երկրներում: Ամբողջ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի համար ԱՄՀ-ը կանխատեսում է 1.5 տոկոս աճ, Հայաստանի համար` 2.25-2.5 տոկոս տնտեսական աճ: