Մի քանի օրերի ընթացքում մեր ազգը ցույց տվեց իր լավագույն որակները, ապահովեց անհրաժեշտ միասնականությունը. Լ. Զուրաբյան
ОбществоԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր խոսքն սկսեց նրանով, որ քառօրյա նիստերի մասին խոսելն այս պահին թերեւս սխալ կլինի: Նա անդրադարձ կատարեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող ներկայիս լարված վիճակին եւ օրերս տեղի ունեցած զարգացումներին: «Մի քանի օրերի ընթացքում մեր ազգը ցույց տվեց իր լավագույն որակները, ապահովեց անհրաժեշտ միասնականությունը, հայի ոգին: Մեր բանակը, մեր տղերքը ռազմաճակատում կռվեցին հերոսաբար: Նրանք հարվածը հետ մղելու ողջ բեռը վերցրեցին իրենց ուսերին՝ ցավոք սրտի տալով զոհեր: Մեր զինվորներն առանց վախի գնացին ու կատարեցին իրենց պարտքը: Նրանցից շատերը կորցրեցին իրենց առողջությունն ու կյանքը: Նրանք ամեն ինչ արեցին հայրենիքի համար»,-ասաց խմբակցության ղեկավարը՝ հաղորդելով նաեւ տպավորությունները վիրավոր զինվորներից մեկի հետ հանդիպումից: «Երբ այցելեցինք վիրավորներին, խոսեցինք մի զինվորի հետ: Պարզվեց՝ նրա երկու ոտքերը կտրված են, սակայն նրա ժպիտը, հպարտությունը, հանգստությունը, վարքագիծն այնպիսին էր, որ հասկանում էր, որ ինքը կատարել է իր պարտքը հայրենիքի հանդեպ եւ իրեն երջանիկ է զգում»,- պատմեց պատգամավորը:
Չցանկանալով խոսել մի շարք կարեւոր հարցերի մասին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց. «Հիմա, երբ մենք հողին ենք հանձնում մեր զինվորներին, ես չեմ համարում, որ ժամանակն է խոսել պատճառների մասին, քննադատություններ ու վերլուծություններ անել: Մենք պետք է պարզենք, թե ինչու ռազմաճակատի գիծը ամրապնդված չէր: Մենք պետք է հասկանանք, թե 20 տարվա մեջ ինչու մենք տեխնոլոգիապես հետ ընկանք Ադրբեջանից, ինչու մենք չունենք անօդաչու եւ այլ սարքեր: Եթե այդ ամենը լիներ տեղում, ապա մենք ոչ միայն նման կորուստներ չէինք ունենա, այլեւ հակառակորդը չէր էլ հանդգնի նման հարձակում իրականացնել: Ադրբեջանի այս քայլը կապված էր այլ հարցերի հետ, այլ ոչ թե մեր բանակի ոչ կոմպետենտության հետ»,- ասաց՝ նա վիրավոր ու սահմանին կանգնող զինվորներին մաղթելով առողջություն. «Ես ցանկանում եմ մաղթել մեր զինվորներին առողջություն, բարի ծառայություն, բարձր հոգի չեմ մաղթում, քանի որ նրանք դա ունեն: Նրանք պետք է իմանան, որ ամեն հայ կանի ամեն ինչ՝ օգնելու համար մեր զինվորներին հնարավոր բոլոր միջոցներով»:
Սոսե Չանդոյան