Գերմանիայի Բերգշթրասե մարզի ղեկավարը մտահոգված է ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձություններով
Международные новостиԳերմանիայի Հեսսեն երկրամասի Բերգշթրասե մարզի գործընկեր Լեռնային Ղարաբաղում թեժ մարտեր են. մեծամասամբ հայերով բնակեցված այս տարածքի հանդեպ հարևան Ադրբեջանը նկրտումներ ունի, այդ պատճառով հակամարտության մեջ է մտնում հայկական զինված ուժերի հետ, որոնք միջազգայնորեն չճանաչված հանրապետության անվտանգության երաշխավորն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Bergsträßer Anzeiger» թերթին նման մտահոգություն է հայտնել Բերգշթրասեի մարզպետ Քրիստիան Էնգելհարթը (CDU, Քրիստոնեա-ժողովրդավարական միություն կուսակցություն)` նշելով, որ տեղի ունեցող զարգացումներին մտահոգությամբ է հետևում: Մարզպետն ընդգծել է, որ ըստ լուրերի` անցյալ օրերին տեղի ունեցած մարտերի ժամանակ ավելի քան 30 անձ է սպանվել:
«Արտաքին աշխարհից վատ հասանելիությունը, դեպի ծով ելք չունենալը և քաղաքական պատճառներով չգործող միակ օդանավակայանը ցույց են տալիս, թե ինչպիսի խոչընդոտների հետ գործ ունեն 145.000 ղարաբաղցիները մեծ հարևանի դեմ պայքարում»,- այսպես է նկարագրում նա իրավիճակը կովկասյան տարածաշրջանում: Նա փաստում է, որ Լեռնային Ղարաբաղը տառապում է քաղաքական և տնտեսական մեկուսացումից, որից դուրս գալու հարցում ակնկալում է միջազգային հանրության օգնությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. ի վեր հետևողականորեն վարում է հավասարակշռված քաղաքականություն` պահպանելու խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում: «Ընդ որում տարածաշրջանի դժվարությունների և հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման ցանկությունը նրանց համար առաջին տեղում է: Մենք հուսով ենք, որ դա նրանց կհաջողվի»,-շեշտում է Բերգսթրասեի ղեկավարը: