«Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում 2015-2016» մրցույթին մասնակցել է ավելի քան 500 դպրոց
ОбществоԵրևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոցում ապրիլի 11-ին տեղի է ունեցել «Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում 2015-2016» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցույթը նախաձեռնել էին Dasaran կրթական ծրագիրը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը և «Նոր սերնդի դպրոց» հա սարակական կազմակերպությունը:
Ինչպես տեղեկացրին Dasaran կրթական ծրագրի գրասենյակից, միջոցառման ընթացքում հայտնի են դարձել լավագույն աշխատանքները ներկայացրած դպրոցների անունները, ինչպես նաև ներկայացվել են Dasaran-ի յոթնամյա գործունեության ձեռքբերումները և ապագա նախագծերը, մասնավորապես՝ միջազգային կառույցների հետ համագործակցության ու սփյուռքի հայկական կրթօջախների՝ Dasaran կրթական ծրագրի ընդհանուր հարթակին միանալու հեռանկարները:
Մրցույթի ամփոփման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը, դպրոցների տնօրեններ և այլք:
Հայաստանի և Արցախի ավելի քան 1495 դպրոց միավորած և 943 048 օգտատեր ունեցող Dasaran կրթական ծրագրի «Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում» մրցույթը դարձել է բարի ավանդույթ: Մրցույթին այս տարի մասնակցել է ավելի քան 500 դպրոց` ներկայացնելով դպրոցի արտաքին և ներքին ձևավորման յուրօրինակ աշխատանքներ: Ձևավորման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել էին աշակերտներից, մանկավարժներից և ծնողներից բաղկացած դպրոցական խմբեր, որոնք լուսանկարել էին իրենց աշխատանքներն ու տեղադրել լուսանկարները Dasaran.am կայքում:
Աշխատանքների գնահատման և արդյունքների ամփոփման ընթացքում հատուկ կարևորվել էր խմբային աշխատանքը, ինչպես նաև աշակերտների յուրօրինակ մտահաղացմամբ ստեղծված ձեռքի աշխատանքները: Այս տարի մրցանակաբաշխությանն, ընդհանուր առմամբ, 41 դպրոց արժանացավ զանազան մրցանակների, այդ թվում՝ համակարգիչների, պատվոգրերի և խրախուսական պարգևների: