Բորիս Էյֆմանը շրջայց կատարեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
КультураՍանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Բորիս Էյֆմանը շրջայց կատարեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
ՌԴ ժողովրդական արտիստը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ շրջեց մշակութային օջախով, ծանոթացավ ներկայացվող ցուցանմուշներին, թանգարանի ստեղծման պատմությանը:
Բորիս Էյֆմանի հետ մշակութային օջախը դիտեցին նաև Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի հյուրախաղերի ընդհանուր համակարգող, «Լուզինյան հիմնադրամի» տնօրեն Կոնստանտին Լուզինյան–Ռիժինաշվիլին, թատրոնի հայաստանյան հյուրախաղերի համակարգող Նիկա Բաբայանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյան և այլք:
Ապրիլի 11-14-ը Հայաստանում են անվանի ռուս բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» և «Ոսկե սոֆիտ» մրցանակների դափնեկիր Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնը:
Բորիս Էյֆմանը ավելի քան 40 ներկայացումների հեղինակ է, որոնցից են` «Չայկովսկի», «Աննա Կարենինա», «Ճայը», «Օնեգին», «Ռոդեն», «Ռեքվիեմ» և այլն:
Թատերախումբը Հայաստանում հյուրախաղերով առաջին անգամ հանդես է եկել 2013 թվականի նոյեմբերին` «Մեղքից անդին» ներկայացումով: Ապրիլի 12-ին և 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվում է թատրոնի «Աննա Կարենինա» բալետը:
2013թ. մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նիստում որոշում ընդունեց Կոմիտասի թանգարան -ինստիտուտ ստեղծելու մասին: Այդ որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրվեց Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատը, որի հիման վրա կառուցվեց թանգարան-ինստիտուտի նոր շենքը: Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: Թանգ արանն ունի 8 սրահ մշտական ցուցադրությամբ, որի հեղինակ եւ համադրողը Վարդան Կարապետյանն է, ձեւավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելոն: