Երուսաղեմում կկազմակերպվի Հայոց ցեղասպանությանը վերաբերող գիտաժողով
ОбществоԵրուսաղեմում հունիսի վերջին կկազմակերպվի Հայոց ցեղասպանությանը վերաբերող գիտաժողով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված «Ցեղասպանություն և գրականություն. իսրայելական և հայկական համեմատական հեռանկարները» թեմայով գիտաժողովի մեկնարկին տեղեկացրեց Երուսաղեմի համալսարանի հոլոքոստագիտության ավագ դասախոս Ամոս Գոլդբերգը:
«Լավագույն հայ ցեղասպանագետներն ու ուսումնասիրողները կմասնակցեն միջոցառմանը: 2015 թվականի ապրիլին է եղել մի մեծ գիտաժողով, երբ ոգեկոչվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դա է, ինչ մենք կարողանում ենք անել»,- տեղեկացրեց Ամոս Գոլդբերգը:
Երուսաղեմի համալսարանի հոլոքոստագիտության ավագ դասախոսը տեղեկացրեց, որ իրենց համալսարանում ուսանողները սովորում են ոչ միայն Հոլոքոստի այլև Հայոց ցեղասպանության մասին:
«Ցեղասպանության ճանաչումը քաղաքական գործընթաց է: Մենք միանում ենք ցույցերին, բայց ցավոք մենք քիչ ազդեցություն ունենք: Մենք միայն կարող ենք մարդկանց կրթել, սովորեցնել, և անում ենք դա: Հասարակությունը տեղյակ է Ցեղասպանության մասին»,-շեշտեց նա:
Ամոս Գոլդբերգը խոստովանեց, որ որպես հրեա շատ է ամաչում, որ իր երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ավելին` ազդել է այլ երկրների վրա, որպեսզի նրանք էլ չճանաչեն` ելնելով դիվանագիտական նրբություններից:
Ամոս Գոլդբերգը հետազոտություններ է իրականացրել հրեաների` Հոլոքոստի ընթացքում մշակութային պատմությանը, Հոլոքոստի պատմագրությանը: Հոլոքոստի ընթացքում օրագրության մասին նրա գիրքը 2012 թվականին լույս է ընծայել «Հեքշերին» եբրայական գրականության ինստիտուտը: Ներկայում Հոլոքոստից հետո հրեաների հուշերի մասին գիրք է գրում: