Ես հպարտանում եմ մեր հերոս տղաներով ու մեկ-մեկ անգամ ավելորդ եմ համարում իմ ապրելը. Դիանա Գրիգորյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ապրիլի 2-ից 5-ը Արցախում տեղի ունեցած քառօրյա պատերազմի կորուստները մեծ ազդեցություն ունեցան բոլորիս վրա: Օրերս սցենարիստ Դիանա Գրիգորյանը պետք է նշեր ծննդյան օրը, սակայն, այդ օրը չեղյալ է համարել նախօրոք կազմակերպված խնջույքը.
«Ես ոչ մի կերպ չնշեցի ծննդյանս օրը, քանի որ դրա տրամադրությունը չունեի: Մինչ այս դեպքերը՝ պլանավորել էինք գեղեցիկ ու մեծ խնջույք կազմակերպել, բայց ծննդյանս նախորդող օրը բոլոր պատվերները չեղյալ հայտարարեցի, քանի որ չկար այդ սիրտն ու ուրախանալու ջիղը»,- նշեց Դիանան ու նկատեց, որ ծննդյան օրը չի նշել, բայց մի մեծ ու շատ կարեւոր երազանք է մտապահել.
«Այս ծննդյանս օրվա ամենամեծ երազանքն ու ցանկությունը միայն ինձ կամ ընտանիքիս համար չէր. բոլորիս եմ մաղթում ամենակարեւորը առողջություն եւ խաղաղություն, քանի որ խաղաղություն պետք է լինի, որ կարողանաս ապրել, ուրախանալ, գործել, հակառակ դեպքում ամեն ինչ անիմաստ է: Կարեւորը Վերյալը լինի մեր գլխին եւ պաշտպանի մեզ վտանգներից, մենք նրա հովանու ներքո պետք է լինենք, որպեսզի քայլենք ճիշտ, արդար ու մաքուր ճանապարհով, որպեսզի խաղաղ պայմաններում վաստակենք մեր հանապազօրյա հացը: Շատ եմ ուզում, որ նման պատերազմներ այլեւս երբեք չունենանք, քանի որ դրանք կոտրում են մեզ թե ֆիզիկապես եւ թե հոգեպես, այո, միեւնույն ժամանակ ուժեղացնում են, երբ մեր զինվորները կարողանում են վերադարձնել մի հողակտոր, բայց երբ տեսնում ես, թե նրանք ինչ գնով են այդ ամենը վերադաձնում, անմիջապես այնպիսի հիասթափություն է քեզ պարուրում, որ ուզում ես այդ պահին մեռնել»:
Դիանա Գրիգորյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ դժվարանում է վերջին օրերի կորուստներից հետո հավաքել ուժերը.
«Ես չեմ կարողանում հանգստանալ, վերջին օրերին անընդհատ բարի լույսը սկսում է խավարով, երբ ամեն օր մի 20-ամյա երիտասարդի մահվան գույժն ենք լսում: Լավ, որքան կարելի է, ես այլեւս չեմ կարողանում այս ամենը հանդուրժել: Ես հպարտանում եմ մեր հերոս տղաներով ու մեկ-մեկ անգամ ավելորդ եմ համարում իմ ապրելը, որվհետեւ նրանք սահմանին կռիվ են տալիս մի ամբողջ ազգի կյանքի համար, իսկ մենք այստեղ շատ հանգիստ ապրում ենք մեր կյանքը: Հիմա բառերն էլ են քիչ թվում, որքան էլ մարդու բառապաշարը հարուստ լինի, ի՞նչ ասես այն մայրերին, ովքեր մեկին կորցնելով այսօր պատվով իրենց երկրորդին էլ են ուղարկում կռվի: Այդ ծնողներին բնութագրելու համար իսկապես խոսքեր չկան»,- հուզված նշեց Դիանա Գրիգորյանը:
Շարունկությունը` այստեղ: