«Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսի ժամանակ Բ. Էյֆմանը պարգևատրվեց ՀՀ Պատվո շքանշանով
КультураԱպրիլի 13-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի մասին պատմող, Տատյանա Բոբորիկինայի «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին մասնակցում էին թատրոնի ղեկավար, բալետմայստեր Բորիս Յակովի Էյֆմանը, Լուզինյանների տոհմի ներկայացուցիչ, բարերար Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին, ով նաև հիմնադրել է «Լուզինյան» բարեգործական հիմնադրամը, մտավորականներ, հյուրեր: Միջոցառման շրջանակում կայացավ նաև պարգևատրման արարողություն: Հյուրերի պարգևները հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բալետմայստեր Բորիս Էյֆմանը պարգևատրվեց ՀՀ Պատվո շքանշանով: Հայ մշակույթի պահպանման և տարածման գործում ունեցած ավանդի համար «Լուզինյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ մշակույթի նախարարը շնորհակալություն հայտնեց Բորիս Էյֆմանին՝ երևանյան փայլուն հյուրախաղերի համար և նշեց, որ անչափ մարդասեր պետք է լինել գրական հերոսներին նման կերպ բացահայտելու և երաժշտության ու շարժման զուգորդմամբ այդչափ ներդաշնակ բալետային ներկայացում ստեղծելու համար. «Այն, ինչի հնարավոր է հասնել, Դուք հասնում եք. էսթետիկա, ճաշակ, լույս, ռեժիսուրա, խորեոգրաֆիա, բեմադրություն, գաղափար, փիլիսոփայություն… Սա մի հրաշք է՝ իրականություն դարձած»,- իր խոսքը եզրափակել է Հ. Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-14-ը Հայաստանում էր անվանի ռուս բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» և «Ոսկե սոֆիտ» մրցանակների դափնեկիր Բորիս Էյֆմանը՝ իր ղեկավարած Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի հետ:
Ապրիլի 12-ին և 13-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Էյֆմանի գլխավորած թատերական խումբը հայ հանդիսատեսին ներկայացավ իր «Աննա Կարենինա» բալետային ներկայացումով: Տեղեկացնենք նաև, որ Բորիս Էյֆմանն ավելի քան 40 ներկայացումների հեղինակ է, այդ թվում` «Չայկովսկի», «Աննա Կարենինա», «Ճայը», «Օնեգին», «Ռոդեն», «Ռեքվիեմ» և այլն, որոնք բարձր գնահատականի են արժանացել ոչ միայն հանդիսատեսի, այլև մշակութային գործիչների կողմից: Թատերախումբը Հայաստանում հյուրախաղերով առաջին անգամ հանդես է եկել 2013 թվականի նոյեմբերին` «Մեղքից անդին» ներկայացումով: Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին, ով Հայաստան էր այցելել Բորիս Էյֆմանի հետ, բավականին մեծ ավանդ ունի Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական թատրոնի, «Երաժշտական օլիմպոս» նախագծի, Բորիս Էյֆմանի պարի ակադեմիայի և ակադեմիական թատրոնի, Պ. Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի և «Ռուսական արվեստ» հրատարակչության գործունեության հարցում:
Նշված կազմակերպություններին աջակցելուց բացի՝ նա Թբիլիսում տեղադրված Սերգեյ Փարաջանովի արձանի նախագծի հեղինակն է, որը քաղաքին է նվիրաբերել 2005թ.: Նշենք նաև, որ անվանի բալետմայստերը ապրիլի 13-ին այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես նաև հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ:
Ա.Գ.