Չի կարելի, երեխաներ, ՔԸ՛Խ է
ПолитикаԱնկեղծ ասած, երբեք չէի իմանա, որ հայկական մեդիադաշտում elq.am անունով կայք կա, եթե մեկ-երկու անգամ իմ Դիմամատէանի պատին չտեսնեի «քուչի կնգա» բամբասանքի մակարդակների հղումներ, որոնք ելքային տարբերակով տանում են հենց ելքի տիրույթ:
Բայց այստեղ տրամաբանական հարց է առաջանում` ելքի տիրույթ, թե՞ ոմանց համապատասխան գործիքներով` մուտքի դաշտ: Ինչևէ, իմ հարազատ Կումայրիում նման երևույթներին անվանում են «լղլղչի»: Բառը խիստ խորքային է: Այդպես են անվանում այն մարդկանց, կամ երևույթներին, որոնք չեն կարողացել կայանալ կյանքում, կամ որոնք այնքան պարապ են, որ բացի այլոց վրա ցեխ շպրտելուց ու այլոց հաշվին ինքնահաստատվելուց, այլ խնդիր չունեն կյանքում լուծելու: Ասել կուզե` նպատակը մեկն է, ինչքան թունավորես այլոց կյանքը, այդքան ինքնաբավարարված կլինես:
Բայց այստեղ, թերևս, խորհուրդ տանք, որ ինքնաբավարավածությունը և ինքնաբավը բավականին այլ կատեգորիաներ են: Զինգմունդը նշել է առաջինի առավելությունները, իսկ Մարքսը` երկրոդի: Չնայած: Թերևս «քուչի կնգա» ասպեկտից, դրանք բարդ ընկալելի են: Հասկանալի է: Հասկանալի է նաև կայքի տերերի ու դրանց հովանավորների ձեռագիրը: Խորհրդարանում հայտնվելու քստմնելի ոճը, 4-րդ դասարանի ծույլիկ աշակերտների նման անհանգ ու անհոդաբաշխ նախադասությունների արտաբերումը: Շարքը կարելի է շարունակել անընդհատ: Բայց այստեղ մի պահ կանգ առնենք: Բացում ենք սույն կայքի Վերլուծություններ բաժինը և տեսնում: Ու ի՞նչ տեսնում: Պարզվում է, Հայաստանում բոլոր ընդդիմադիր ուժերը ծախված են, բոլորն ունեն պապաներ, բոլորն ունեն դեսպանատների աջակցությունը` Նիկոլին դուրսն է կայացնում, ՀԱԿ-ը իշխանությունից է փող մուրում, Էդմոնը` չգիտեմ ինչ է: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, ընկերներ, բա դուք ումի՞ց եք վերցնում: Ժամանակին, երբ Հայաստանում դեռևս չկային մեդիամիջոցները, թերթում սրա-նրա վրա հոդված գրելը հասնում էր մինչև 5000 դոլլարի: Բնական է, միջոցները զարգացան, տեսականին ավելացավ, եկան նորերը, իսկ հները մոռացվեցին:
Հասկանալի է, որ Հայաստանում լրատվամիջոցերը չեն կարող գոյատևել առանց հովանավորների կամ միջոցների: Դա ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Բայց կան կոռեկտության սահմաններ, որոնք տեղավորվում են էթիկայի նորմերի մեջ և խախտել չի կարելի: Եթե դու հանդես ես գալիս ընդդիմադիր դիրքերից, ապա պետք է չէ ընդդիմության հաշվին փորձես ինչ-որ միավորներ շահել՝ ամեն մի բամբասանք բերելով դաշտ, եթե դու հանդես ես գալիս լրագրողական դիրքերից, ապա կոռեկտ չէ, երբ փորձում ես ծաղրել գործընկերոջդ, այն էլ հղում անելով անհասկանալի օգտատիրոջ: Պատվերը կամ ռուսի ասած «օբիժնիկությունը» զգացվում է միանգամից:
Գրելու առիթ հանդիսացավ նաև այս սկզբունքի խախտումը, երբ վերոնշյալ կայքը հրապարակեց մի նկար՝ մեդիադաշտում հայտնի Վարուժան Բաբաջանյանի վերաբերյալ: Սա հասկանալի և էժանագին հնարք լինելուց զատ՝ որևէ կերպ չի տեղավորվում մասնագիտական կամ մարդկային բանականության սահմաններում: Չէի էլ ուզի քննարկել մի բան, որը որևէ կապ չունի տրամաբանության հետ: Ի՞նչ ասես մի մարդու, երբ սահմանն ու լսարանը չի տարբերում իրարից, ի՞նչ ասես մի մարդու, որն իր թյուր կարծիքը բխեցնում է տարրական անգրագիտության սկզբունքներից և հայտնվում ավելի ծիծաղելի իրավիճակի մեջ, քան կարելի էր անգամ ենթադրել:
Ընդհանրապես, եթե Յարոսլավ Հաշեկն ապրեր մեր օրերում, ապա իր զինվոր Շվեյկի համար, որն ի դեպ, բանակից ազատվել էր որպես ապուշ, այս կայքը կարդալուց հետո, այլ նախատիպ կգտներ: Ու այդ ժամանակ, բոլորովին այլ կլիներ Շվեյկի կերպարն ու աշխարհի բանը:
Վահրամ Թոքմաջյան
Հ. Գ. Նեկրոֆիլը նա է, ով սիրում է մեռած մարմիններ: Սույն կայքի վերլուծական բաժնի առաջին էջում, հինգ նյութ կա՝ նվիրված նախկին ՕԵԿ-ին կամ ներկայիս Հայկական Վերածննդին: Հետևությունները թողնում եմ ընթերցողին: