Կլուծվեն Ախուրյան համայնքի անօթևան ընտանիքների բնակարանային հիմնախնդիրները
ОбществоՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը վերաբաշխում կատարեց 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ պետբյուջեով նախատեսված 798 մլն դրամի շրջանակում Շիրակի մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվելու է Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր:
«Ավարտին են հասցվելու կառուցված 3 կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքները: Վերոնշյալ գումարը նախատեսված է միայն կիսակառույց շենքերն ավարտին հասցնելու համար, իսկ արտաքին ինժեներային ցանցերի ու բարեկարգման նախագծերի կազմման և գոյություն ունեցող աշխատանքային նախագծերի լրամշակման, ինչպես նաև նշված նախահաշիվների կազմման ու փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ է 10 մլն դրամ»,- ասաց Լոքյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց հետևողական լինել, որպեսզի ծրագիրն արագ իրականացվի: