Բրազիլիա. Ռեալի եռակի արժեզրկում, կաշառակերության սկանդալ, նախագահի իմպիչմենտ
АналитикаԼատինական Ամերիկայի ամենամեծ տնտեսական պոտենցիալ ունեցող երկիրը՝ Բրազիլիան, երեք տասնամյակ է ինչ անկում է ապրում նավթի, երկաթի ու մի շարք այլ հանքանյութերի գների կտրուկ նվազեցման պատճառով։
Բրազիլիայի տնտեսության աճը 2015թ․ 3.8%-ով նվազեց, իսկ ինֆլացիան տարեվերջին կազմեց 10.7%։ Անցյալ տարի գործազրկությունն աճել է 9%-ով և տնտեսագետների կանխատեսմամբ՝ առաջիկա ամիսների ընթացքում կարող է կրկնապատկվել։ Բրազիլիայի ազգային արժույթը՝ ռեալը, եռակի արժեզրկվել էր 2015թ․ ու մարտի 13-ի երկրի նախագահի հրաժարականը պահանջող ցույցերից հետո նոր արժեզրկում գրանցեց։
Երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը, բախվելով վերջին տասնամյակներում Բրազիլիայի անկման ամենավատ սցենարին ու երկրի մեծագույն կոռուպցիոն սկանդալին, անգամ կորցրել է Կոնգեսում իր դաշնակիցներին, ներառյալ՝ իր գլխավոր գործընկերոջ՝ փոխնախագահ Միշել Տեմերի Բրազիլիայի դեմոկրատական շարժում կուսակցությանը։
Նախագահը մեղադրվում է երկրի հարկային օրենսդրության խախտման և 2014թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ պետական միջոցները յուրացնելու մեջ: Դիլմա Ռուսեֆը նաև հայտնվել է Բրազիլիայի նավթային Petrobras պետական ընկերության շուրջ կոռուպցիոն սկանդալի մեղավորների շարքում:
Կոնգրեսի ստորին պալատում պատգամավորների մեծամասնությունը ապրիլի 17-ին (513 պատգամավորներից 367-ը) կողմ են քվեարկել նախագահի իմպիչմենտին: Այժմ նախագահին անվստահություն հայտնելու հարցը կներկայացվի Սենատի քննարկմանը: 81 սենատորներից 54-ի հավանության դեպքում, Դիլմա Ռուսեֆը կհեռացվի իր պաշտոնից։
1992թ․-ից ի վեր սա առաջին իմպիչմենտը կլինի Բրազիլիայում։ Դիլմա Ռուսեֆը կհաջորդի Ֆերնանդո Կոյոր դե Մելոյին, ով հրաժարական տվեց բազում կոռուպցիոն մեղադրանքների ու բողոցի ցույցերի ճնշման տակ, նախքան Սենատը կհաստատեր նախագահի իմպիչմենտը։ Դիլմա Ռուսեքի վարկանիշը 2013թ․ մարտին կազմում էր 79%, իսկ 2016թ․ մարտին՝ 10%։
Բրազիլական տարբեր քաղաքներում նրա հրաժարականը պահանջող բողոքի ցույցեր են կազմակերպվել։
Ըստ Datafolha ինստիտուտի հրապարակած հարցման՝ բրազիլացիների 61%-ը կողմ է նախագահի պաշտոնանկությանը։
Տեղեկություններ են նաև շրջանառվում, որ տարիներ շարունակ միլիարդավոր դոլլարների հասնող կոռուպցիոն գործարքներում ներգրավված են ոչ միայն Ռուսեֆի Աշխատավորական կուսակցության անդամները, այլև նրա դեմ իմպիչմենտ ծրագրած ընդդիմադիր առաջնորդները։
Այսպիսով, 2003թ․-ից ի վեր, ինչ Բրազիլիայում իշխող դարձավ Աշխատավորական կուսակցությունը, երկրի կոռուպցիոն սկանդալներում ներքաշվել են թե՛ կառավարող, և թե՛ ընդդիմադիր կուսակցությունները։
Դիլմա Ռուսեֆի իմպիչմենտի հարցն այս անգամ առաջ քաշվեց, քանի որ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր:
Անի Գասպարյան