Հայաստանը շուտով ձեռք կբերի նախապես պլանավորած սպառազինությունը. ՀՀ վարչապետ
ЭкономикаՀայաստանն ունի սպառազինություն ձեռք բերելու անհրաժեշտ միջոցներ և շուտով այն, ինչ պլանավորված էր, ձեռք կբերվի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հայաստանի կառավարությունը որևէ առաջարկ, հայտարարություն չի արել, որ գումարներ հավաքագրվեն սպառազինության համար: Մենք ունենք այդ գումարները, գործընթացն առաջ է գնում, շուտով այն ամենը, ինչ պլանավորել ենք ձեռք բերել, ձեռք կբերենք: Որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով, եթե մարդիկ ինքնակամ ցանկանում են օգնել զոհվածի ընտանիքին, բանակին՝ ընդունելի է, բայց իրենք որևէ մեկին չեն պարտադրել, խնդրել, որ աջակցեն պետությանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե հասարակության շրջանում միտք է հնչում, ըստ որի օլիգարխները, մեծահարուստները պետք է վաճառեն իրենց ունեցվածքը, քանի որ ձեռք են բերել պետական միջոցների հաշվին և այդ գումարով զենք գնեն, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, իշխանությունը, պատկան մարմինները կհետևեն այդ գործընթացներին, խնդրին կտան լուծում:
Իսկ այն մարդկանց մասին խոսակցությունները, ովքեր օրինական ճանապարհով են ձեռք բերել իրենց հարստությունը, հարկեր չվճարելով նաև շահ են ունեցել, համարում եմ երկրին դավաճանություն: Պետք է քննադատությունը, մտահոգությունը վերաբերի այն մարդկանց, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել: Հորդորում եմ այն մարդկանց, ովքեր այդ ճանապարհով փորձում են պառակտում մտցնել մեր երկրի որոշ խավերի մեջ, չանել նման սխալ բաներ»: