Երևանում պատանի երաժիշտ-կատարողների համար վարպետության դասընթացներ կանցկացվեն
КультураՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամն ապրիլ-հունիս ամիսներին հանրապետության շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների համար կանցկացնի «Հրավիրյալ երաժիշտ-մանկավարժների «Վարպետության դասընթացներ» ծրագիրը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հրավիրյալ երաժիշտ-մանկավարժների «Վարպետության դասընթացներ» նախագծի դերն ու նշանակությունը կարևոր են երաժշտական և արվեստի դպրոցների երաժշտակրթական գործընթացում՝ ինչպես սաների, այնպես էլ նրանց ուսուցիչների համար. դասավանդման նոր մոտեցումների կիրառում, մասնագիտական գիտելիքների ու փորձի փոխանակում, տեղում մեթոդական ու գործնական օգնություն, պատանիների շրջանում երաժշտակատարողական արվեստի խթանում, առավել մեծ թվով մասնակիցների ընդգրկում:
Վարպետության դասերը կանցկացվեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում:
Ապրիլի 19-26-ը շնորհալի պատանի կլարնետահարների համար վարպետության դասընթացներ կանցկացնի ՌԴ վաստակավոր արտիստ, միջազգային բազմաթիվ փառատոների և մրցույթների դափնեկիր, Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախմբի մենակատար, կլարնետահար Վիկտոր Կուլիկը: Նա բազմաթիվ երկրներում հանդես է եկել որպես նվագախմբի երաժիշտ և մենակատար, դասավանդել և վարպետության դասեր է վարել աշխարհի տարբեր կրթօջախներում:
Նշենք, որ ապրիլի 11-16-ը հայ պատանի ֆլեյտահարների համար վարպետության դասընթացներ անցկացրեց ՌԴ վաստակավոր արտիստ, միջազգային բազ մաթիվ փառատոների և մրցույթների դափնեկիր, Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախմբի մենակատար, ֆլեյտահար Մարիա Ֆեդոտովան: Վարպետության դասերի ավարտին, Մարիա Ֆեդոտովան համատեղ համերգով հանդես եկավ շնորհալի երեխաների հետ:
Այս նախագծի շրջանակում նախատեսվում է նաև վարպետության դասընթաց անցկացնել հայ պատանի հոբոյահարների համար: Այն կվարի Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, հոբոյահար Ֆիլիպ Նոդելը: