Հայաստանը ներդրումների համար լավագույն հարթակներից մեկն է. Արսեն Ղազարյան
ЭкономикаՀայաստանը ներդրումների համար լավագույն հարթակներից մեկն է:
Այս մասին նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Մեր գործարարությունը, մեր ազատական շուկան լուրջ պոտենցիալ ունի միջազգային կորպորացիաների համար: Լուրջ ներուժ կա Իրանի հետ աշխատելու համար: Ինչպես գիտեք, եղան հանդիպումներ Հայաստանի ու Իրանի վարչապետների մակարդակով, առաջիկայում նախատեսվում է հանդիպում` նախագահների մակարդակով:
Այսօր Իրանի գործարար համայնքն է ակտիվ քայլեր իրականացնում: Ես համոզված եմ, որ այս տարվա ընթացքում կառարկայանան հայ-իրանական միջպետական մի քանի համաձայնագրեր»,-ասաց Արսեն Ղազարյանը:
Նրա խոսքով, որքան էլ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մեղմանան, եվրոպական ներդրողներն ազատորեն մտնեն իրանական շուկա, միևնույն է, երբ խոսվում է դեպի ԵՄ կամ ԵՏՄ իրանական արտադրության արտահանաման մասին, ապա այն ռեժիմներից, որոնցից օգտվում է Հայաստանը, Իրանը չունի; Մասնավորապես, «GSP+»-ը` Եվրոպայում, «GSP»-ն` ԱՄՆ-ում:
«Մենք հրավիրում ենք Իրանի գործարարներին Հայաստան՝ օգտագործելով մեր արտադրական չիրացված հզորությունները, համատեղ արտադրանքով դուրս գալ այդ շուկաներ: Այդ նույնը վերաբերում է ԵՏՄ-ին: Իրանին կտրվի որոշակի ազատականացում ԵՏՄ-ի հետ կապված, բայց չի ունենա այն հնարավորություններն, ինչն ունի Հայաստանը, որովհետև մենք ԵՏՄ-ի անդամ ենք:
Հետևաբար Հայաստանում արտադրելով` Իրանը կարող է հանգիստ մտնել ԵՏՄ շուկա: Ես կարող եմ ասել, որ այս ոլորտում իրանական գործարարների մտածողության մեջ նկատվում է որոշակի բեկում»,-ասաց Արսեն Ղազարյանը: