Գայլերի դեմ պետք է ավելի գրագետ պայքարել
ОбществоԲնապահպան Սիլվա Ադամյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է անում միանալ ստորագրահավաքին, որով դեմ է արտահատվում կառավարության կողմից ընդունված 24 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշմանը, որը տրամադրվելու է Հայաստանի տարածքում գայլերի ոչնչացման համար:
Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստի ժամանակ գործադիրը որոշում է կայացրել գումար հատկացնել գայլ որսացողներին խրախուսելու համար` որսած մեկ գայլի համար սահմանելով 123 000 դրամ:
Orer.am-ի հետ զրույցում Ս. Ադամյանը նշեց, որ ոչ թե իրենք դեմ են ընդհանրապես գայլերի դեմ պայքարին, այլ կառավարության որոշումից իրենք դժգոհում են այն պատճառով, որ նման կերպ կառավարությունը նպաստում է գայլերի անկառավարելի ոչնչացմանը, անտեսելով դրանից բխող հետևանքները:
«Ես խիստ կասկածում եմ, որ այդ գումարները կհատկացվեն այն գյուղացիներին, ովքեր իրենց բնակավայրերի մոտ հայտնված և իրենց անվտանգության նկատառումներից ելնելով գայլի են ոչնչացրել: Ես համոզված եմ, որ կառավարության այդ որոշումից հետո մարդիկ որոշ տարածքներում պետք է որսով զբաղվեն և չի բացառվում, որ մի մարդն այդկերպ 5-6 գայլ բերի և գումար ստանա»,- ասում է բնապահպանը:
Նա աբսուրդ է համարում այն մոտեցումը, որ գայլերի դեմ պայքարը սկսվում և ավարտվում է միայն նրանց սպանելով: Նրա կարծիքով՝ հարկավոր է ավելի լուրջ մոտենալ հարցին: Ինչ վերաբերում է գյուղացուն, ապա, բնապահպանի խոսքով, գյուղացին առանց այն էլ պաշտպանում է իրեն, բայց գյուղացուն գայլերի հարձակումից փրկելու հարցը հիմնովին լուծելու համար խնդրին պետք է համակարգային մոտեցում ցուցաբերել.
«Գայլերի հարձակումը գյուղերում ապրող մարդկանց վրա շարունակվում է երկար տարիներ և դեռ կշարունակվի, եթե մենք շարունակենք պետական բյուջեից գումարներ դուրս գրել ու ասել` կրակեք ու հարցը կլուծվի: Երբեք չհավատաք, այդ հարցն այսպես չի լուծվելու և տարիների ընթացքում մենք գայլերի գլխաքանակի նվազում չենք ունենա: Այլ հակառակը`մենք ունենալու ենք գայլերի թվի աճ, և դա հենց հիմա արդեն մենք տեսնում ենք»,- ասում է Ս. Ադամյանը:
Բնապահպանի խոսքով՝ իրենք առաջարկներ ենք ներկայացրել կառավարությանը, որում հստակ նշված են այն միջոցառումները, որոնք պետք է կատարել: Նրա խոսքով՝ այն իրոք օգտակար կլինի գյուղացիների համար, իսկ 24 միլիոն դրամը ոչ թե պետք է գայլաորսներին տրամադրել, այլ գյուղացիներին, որպեսզի նրանք կարողանան շներ պահել, ամրացնել իրենց գոմերը, ցանկապատները, ստեղծել ապահովագրական ընկերություններ, որոնք կհոգան այն գյուղացիների բուժման ծախսերը, ովքեր տուժել են գայլերի հարձակումներից.
«Այդ գումարները պետք է նշված խնդիրները լուծելու վրա ծախսել: Բացի դրանից, ամենակարևորը, մենք պետք է նպաստենք, որ այն շրջաններում, որտեղ սաստկացել են գայլերի հարձակումները, գիտնականները ուսումնասիրություններ կատարեն և հայտնաբերեն գայլերի հարձակման հիմնարար պատճառները: Ինչ վերաբերում է մեր կոչերին, ապա մենք ոչ թե ասում ենք` ձեռք մի´ տվեք գայլերին և գայլը երբ մտնում է գյուղական տնտեսություն, մի´ ոչնչացրեք նրան, այլ ասում ենք, որ գայլերի դեմ պայքարի այդ ձևը երբևէ չի կարող արդյունավետ լինել և պետք չէ գումարներն անիմաստ փոշիացնել, այլ պետք է դրանք նպատակային ծախսել և դրանից արդյունք ստանալ»,- ասում է Ս. Ադամյանը:
Արմինե Գրիգորյան