Ոստիկանությունը թույլ չի տալիս ցուցարարներին երթով շարժվել նախագահի նստավայր
ОбществоԵրեւանի Ազատության հրապարակում այսօր կայացած հանրահավաքում «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջներ է ներկայացրել Բաղրամյան 26-ին, որոնք հրատապ լուծում են պահանջում:
Հայտարարությունում ասվում է.
«1. Պահանջում ենք ձեռնպահ մնալ Արցախի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ստորագրելուց, որը կխախտի ստատուս քվոն: Ամեն ինչ անել պահպանելու համար ստատուս քվոն, բացառել տարածքային որեւէ զիջում եւ խաղաղապահ զորքերի մուտք Արցախ կամ հարակից տարածքներ:
Պահանջում ենք Բաղրամյան 26-ից պաշտոնապես հայտարարել, որ ՀՀ-ն դեմ է Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայմանը եւ տարածքային որեւէ զիջումների գնալուն:
2. Այս ընթացքում քանի դեռ Հայաստանը պահպանում է ստատուս քվոն Արցախում, Բաղրամյան 26-ը պետք է իրականացնի պետական կառավարման համակարգի առողջացման հետեւյալ քայլերը.
1. Պետբյուջեից անհապաղ պետական աջակցություն ցուցաբերել մեր զոհված զինծառայողների ընտանիքներին՝ առնվազն 30 հազարական դոլարի չափով, ինչպես նաեւ վիրավոր զինվորներին առնվազն 5 հազար դոլարի չափով:
2. Աշխատանքից ազատել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուովին եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին՝ իրենց հանցավոր անգործության համար, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի:
3. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել օֆշորային ընկերություններից անօրինական միջոցներով ստացած ամբողջ եկամուտը:
Նշված ցանկում ընդգրկված օլիգարխներից յուրաքանչյուրին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 5 մլն դոլարի չափով գումար, այդ թվում Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Հայրապետյան, Գագիկ Բեգլարյան, Երվանդ Զախարյան, Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան, Կճոյան, Գարեգին Բ կաթողիկոս, Դավիթ Հարությունյան, Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Ռոբերտ Քոչարյան, Տիգրան Սարգսյան, Անդրանիկ Մանուկյան, Մայրապետյան, Արմեն Գեւորգյան, Տարոն Մարգարյան, Վարդան Այվազյան, Աղվան Հովսեփյան եւ այլք։
Հավաքագրված միջոցները պետք է մուտքագրվեն բյուջեի հատուկ հաշվեհամարին եւ դրա ծախսումն իրականացվի հանրային վերահսկողության ներքո: Այդ գումարի առնվազն կեսը պետք է ուղղվի պաշտպանական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման ֆոնդի մեջ»:
Ազատության հրապարակում հավաքվածները փորձեցին երթով շարժվել դեպի Բաղրամյան 26, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ երթը չի բխում «Հավաքների մասին» օրենքից, քանի որ բացակայում են բոլոր իրազեկումները: