«Ցավում ու մղկտում ենք մեր ամեն զինվորի համար». «Հայ կանանց ճակատի» ներկայացուցիչ
ИнтервьюԳեղեցիկ Տոնոյանն այն հազարավոր հայ կանանցից է, ով պարզապես ցնցված է ապրիլյան քառօրյա պատերազմից ու դրա հետևանքներից:
«Ցավում ու մղկտում ենք մեր ամեն զինվորի համար: Կորուստն ու վիշտը շատ մեծ է, ինչպես զոհվածների ծնողների ու հարազատների, այնպես էլ ողջ հայ ազգի համար»,- ORER.am-ի հետ զրույցում ասաց տիկին Գեղեցիկը:
Ինչպես պարզ դարձավ զրույցի ժամանակ, նրա ամուսինը Արցախյան հերոսամարտի ակտիվ մասնակից է եղել:
«Իմ ամուսինը 1992-94թթ. մասնակցել է Արցախյան պատերազմին, կռվել է «Սասնա ծռեր» ջոկատում: Այս պահին ես սահմանին զավակ չունեմ, բայց դա կապ չունի, բոլոր տղաները մեր էրեխեքն են»,- ասաց նա:
Խոսելով Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականության մասին՝ «Հայ կանանց ճակատի» ներկայացուցիչը նշեց. «Ադրբեջանի այս ագրեսիվ պահվածքը պայմանավորված է մեր իշխանությունների թուլությամբ, եթե նրանք գտնվեին իրենց բարձունքի վրա, ապա Ադրբեջանը նման քայլի երբեք էլ չէր դիմի:
Երբ Ադրբեջանը զգա, որ մենք հասել ենք հզորության լուրջ կետի, այլևս չի համարձակվի ռազմական նման գործողություններ ծավալել»,- ասաց տիկին Գեղեցիկը:
«Երևանում հարուստ մարդիկ իրենց տները պալատներ են սարքում ու ամենավերջին տեխնիկայով անվտանգություն ապահովում, լավ կլիներ, որ այդ միջոցներն ուղղվեին մեր բանակին, որ կորուստների թիվն էլ համեմատական կարգով քիչ լիներ»,- հավելեց նա:
Սոսե Չանդոյան