Նախագահ Սարգսյանը նշանակալի է համարում Շվեդիայի կեցվածքը թուրք ազգայնականի նկատմամբ
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այլատյացության դեմ պայքարի գործում նշանակալի է համարում Շվեդիայի իշխանության ու հասարակության կեցվածքը, որը դրսևորեցին թուրք ազգայնականի նկատմամբ` հայերի հանդեպ հնչեցված ատելության քարոզչության առնչությամբ: Նախագահ Սարգսյանն այս մասին խոսեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ: «Միջազգային հանրությունը՝ մենք, պետք է նույնքան արագ և վճռականորեն արմատախիլ անենք ցեղասպանածին այսօրինակ երևույթները, որտեղ էլ որ դրանք դրսևորվեն, ինչպես մի քանի օր առաջ դա արեցին Շվեդիայի ղեկավարությունն ու հասարակությունը՝ թուրք ազգայնական Բարբարոս Լեյլանիի կողմից հայերի հանդեպ հնչեցված ատելության քարոզչության կապակցությամբ։ Սա պահանջում է համախմբած աշխատանք, երբեմն աշխարհաքաղաքական շահերի ստորադասում, երևույթների հստակ ու հասցեական դատապարտում: Այլապես, եթե նման արատավոր եր ևույթները արմատախիլ չանենք դեռ սաղմնային վիճակում, ստիպված ենք լինելու լծվել դրանց բազմաբնույթ ու անկանխատեսելի հետևանքների վերացմանը՝ շարունակելու ենք առերեսվել ատելությունից սնվող տարատեսակ հանցագործությունների, որոնցից է, ի դեպ, մեր մայրցամաքում նոր թափ ու ծավալներ ստացած ահաբեկչությունը»,-ավելացրեց ՀՀ նախագահը:
Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը: Այն հիմնականում կենտրոնացված կլինի ցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրների վրա: Գլոբալ ֆորումն ունենալու է 4 հիմնական բաժիններ: Տեղի կունենան նիստեր, իսկ յուրաքանչյուր նիստի ավարտին կլինի հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները կկարողանան իրենց հուզող հարցեըը տալ զեկուցողներին: Փակման բաժնում էլ նախատեսված են մասնակիցների ելույթները: Գլոբալ ֆորումը լուսաբանելու համար 70-ից ավել արտասահմանյան լրատվամիջոցներ են հավատարմագրվել: