ՀՀ Նախագահը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է վերապրածների խնդիրներին
ОбществоՑեղասպանություն հանցագործության հետ կապված միջազգային իրավական փաստաթղթերը բավարար ուշադրության չեն արժանացնում վերապրածների խնդիրների միջազգային իրավական կարգավորումները:Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի բացման խոսքում նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
« Այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության։ Դրա վկայությունն է նաև ցեղասպանություն իրականացնողների կամ նրանց ժառանգների կողմից ժխտողականության ալիքը, որն ամենամեծ հարվածն է վերապրածների համար: Ինչպես իրավացիորեն ասել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը․ «Ժխտել՝ նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ»: Առանձին դեպքերում ժխտողականությունը դրսևորվում է նաև հիշելու և իմանալու իրավունքների ոտնահարմամբ: Ժխտողականությունը մշտական վախի պայմաններում է պահում վերապրածներին և նրանց սերու նդներին, քանզի նրանք, ովքեր ժխտում կամ արդարացնում են տեղի ունեցածը, անուղղակիորեն չեն բացառում ապագայում հնարավոր պայմանների առկայության պարագայում նույն հանցանքը կրկնելու հավանականությունը
Միաժամանակ, կարծում եմ ցեղասպանություն հանցագործության հետ կապված միջազգային իրավական փաստաթղթերը բավարար ուշադրության չեն արժանացնում վերապրածների խնդիրների միջազգային իրավական կարգավորումներին: Նույնը կարելի է ասել նաև փախստականների հետ կապված միջազգային իրավական ռեժիմի մասին: Կարևոր է հասկանալ, թե առկա իրավական մեխանիզմների կատարելագործման կամ նորերի ներմուծման միջոցներով ինչպես է հնարավոր իրավաբանորեն ամրագրել ցեղասպանություն կամ մարդկության դեմ հանցագործություններ վերապրածների առանձնահատուկ կարգավիճակը, առանց որի թերևս անհնար է համակարգված ձևով մոտենալ խնդրի լուծմանը:
Ցանկացած հանցագործության արդարացի դատապարտումը պահանջում է նաև կրած կորուստների ու զրկանքների նկատմամբ տուժածների իրավունքների ճանաչում: Ասվածը բնականաբար վերաբերում է նաև ցեղասպանություններ և մարդկության դեմ հանցագործություններ վերապրածներին: Պետք է ապահովվեն անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ոչ միայն ճանաչել այդ իրավունքը, այլ նաև իրականացնել այն: Ինչպես ցույց տվեցին վերջին շրջանում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունները, մեր օրերում ցեղասպանությունների կանխարգելման հարցը մնում է արդիական և հրատապ»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը: Այն հիմնականում կենտրոնացված կլինի ցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրների վրա: Գլոբալ ֆորումն ունենալու է 4 հիմնական բաժիններ: Տեղի կունենան նիստեր, իսկ յուրաքանչյուր նիստի ավարտին կլինի հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները կկարողանան իրենց հուզող հարցեըը տալ զեկուցողներին: Փակման բաժնում էլ նախատեսված են մասնակիցների ելույթները: Գլոբալ ֆորումը լուսաբանելու համար 70-ից ավել արտասահմանյան լրատվամիջոցներ են հավատարմագրվել: