Հայ երեխաները մասնակցում են «Ժողովուրդների բարեկամություն» մանկապատանեկան մրցույթ-փառատոնին
ОбществоՀայ երեխաները ապրիլի 3-29-ը մասնակցում են «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնին: Երեք` «Պարարվեստ», «Երգեցողություն», «Երգչախմբային արվեստ» անվանակարգերով անցկացվող մրցույթին մասնակցում են նաև հրեա և վրացի պատանիներ:
«Մեր երեխաները շատ մեծ պատրաստակամությամբ մասնակցեցին մրցույթին, մեծ ոգևորություն էր: Մեր երեխաները տաղանդաշատ են, պատրաստված և մրցունակ.նրանք ոչնչով չեն զիջում այլ երկրների մասնակիցներին»,-լրագրողների հետ զրույցում նշեց Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը:
Նա հատուկ շեշտեց, որ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնին մասնակցում են նաև մարզերի պատանիները: Հայաստանյան նախընտրական փուլն անցկացվել է ապրիլի 3-4-ը Երևանում, որին մասնակցել են 38 պարային համույթ, 10 մենակատար, 46 անհատ կատարող, 9 երգչախումբ և վոկալ համույթ: Հայաստանից եզրափակիչ փուլ անցել ` 7 պարային համույթ, 5 մենակատար, 23 անհատ կատարող, 3 երգչախումբ և վոկալ համույթ:
«Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի և «Տերամեդիա» ՀԿ տնօրեն Նելլի Դինովեցկին շնորհակալություն հայտնեց Հայաստանին` ջերմ ընդունելության համար: Նա շեշտեց, որ մրցույթի ընտրական փուլեր են անցկացրել Հայաստանում, Իսրայելում և Վրաստանում, և ամեն երկրից 150 մասնակից է եղել:
«Հաջորդ տարվա համար մասնակցության հայտ են ներկայացրել Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը»,-շեշտեց նա:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը (Հայաստան) և «Տերամեդիա» ՀԿ-ն (Իսրայել), Հայաստան-Իսրայել-Վրաստան մշակութային համագործակցության շրջանակում, ապրիլի 3-29-ը անցկացնում են «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնը:
Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված գործիչներ Նորայր Մեհրաբյանը (Հայաստան), Հովհաննես Դիվանյանը (Հայաստան), Հովհաննես Խաչիկյանը (Հայաստան), Դավիթ Ղազարյանը (Հայաստան), Ելենա Բարսեգովան (Վրաստան), Յաէլ Գորոխովսկայան (Իսրայել), Սուսաննա Մարտիրոսյանը (Հայաստան), Կարինե Առաքելյանը (Հայաստան), Մհեր Մեսրոպյանը (Հայաստան), Մարիամ Աբուլաձեն (Վրաստան), Վլադի Բլայբերգը (Իսրայել), Նոդար Ռավիան (Վրաստան), Վիլլի Վայները (Հայաստան), Եկատերինա Եգորովան (Ուկրաինա):
Մրցույթ-փառատոնի շրջանակում ապրիլի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում կիրականացվի ֆլեշմոբ՝ մասնակից խմբերի ներգրավմամբ: Մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 28-ին, Երևանի պարարվեստի պետական քոլեջում և Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Նույն օրը տեղի կունենա մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը: «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի գալա համերգը կկայանա ապրիլի 29-ին Ալ. Սպենդ իարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: