Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները կիրականացնի «Սանիր» ընկերությունը
ЭкономикаՀՀ կառավարությունը իրանական «Սանիր» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն կտա` Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման նպատակով:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 28-ի նիստի օրակարգում: Ակնկալվում է, որ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից հասցնել 1000-1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և ՀՀ էներգետիկ անվտանգությունը:
«Սանիր»-ը հանդես է գալիս էլեկտրաէներգիայի և ջրի արդյունաբերության ոլորտում որպես կապալառու: Ընկերությունը հարուստ փորձ ունի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում էներգետիկ ծրագրեր իրականացնելու գործում, մասնավորապես` նշված ընկերությունը հանդիսացել է Իրան-Հայաստան 220 կՎ էլեկտրահաղորդման առաջին և երկրորդ գծերի, ինչպես նաև Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի շինարարության գլխավոր կապալառու:
«Գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ապահովմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: