Ռուբեն Վարդանյանը կարող է նոր նշաձող սահմանել նաև ներքաղաքական կյանքում
АналитикаԱյն, որ գործարար, բարերար «100 կյանք» նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի նախագծերը գլոբալ շարժման կվերածվեն և ողջ աշխարհը կցնցեն, արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ: Նրա ցանկությունն է եղել միավորել անցյալը, ներկան և ապագան: Եվ միավորեց…
«100 կյանք»-ը նաև նախատեսում էր աջակցություն ցուցաբերել մեր օրերում տեղի ունեցած և դեռևս տեղի ունեցող ցեղասպանությունների զոհերին և փախստականներին, պատմել նրանց աջակցություն ցուցաբերող մարդկանց մասին: Հենց այդ նպատակով էլ ստեղծվեց «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որը պետք է պատմեր մեր օրերում ապրող և իրենց կյանքն ամեն րոպե վտանգելով այլ մարդկանց փրկելով զբաղված մարդկանց մասին: Այն նույնպես իրականացավ….
Հայոց Մեծ եղեռնի 101-րդ տարելիցի օրը ապրիլի 24-ին կայացած «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության արարողությունը ցույց տվեց, որ նրան հաջողվեց նոր նշաձող սահմանել Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական և հասարակական շրջանակներում:
Նախագծի շնորհիվ Ռ.Վարդանյանի սահմանած նոր նշաձողը նոր պահանջ ձևավորեց հայաստանյան հասարական քաղաքական կյանքում: Ուշագրավ էր այն, որ նա բավական զուսպ կեցվածքով մուտք գործեց ներկայիս հասարակական-քաղաքական կյանք՝ նոր հարցականներ առաջացնելով առանց այդ էլ հարցականներով լի քաղաքական դաշտում:
Արձանագրենք, որ նա ընդունելի կերպար է թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր գործիչների համար և ուզենք, թե չուզենք, նա այլևս բարերարից վերածվել է քաղաքական գործչի, սակայն առայժմ պարզ չէ, թե նա որ հարթությունում ցանկություն կունենա շարունակել իր գործունեությունը: Չի բացառվում, որ նման հզոր կերպարն ընտրի ինքնուրույն նոր որակի քաղաքական ուժ ձևավորելու ճանապարհը, սակայն տարբերակներից մեկը կարող է լինել նաև այն, որ նա ցանկություն հայտնի հայկական քաղաքական կյանքում առկա ուժերից որևէ մեկին սատարել՝ զերծ մնալով քաղաքական կյանքում տեսանելի գործունեություն ծավալելուց:
Ինչևէ, առջևում նախընտրական շրջանն է, որին նախորդում է ներկայիս խմորումների փուլը: Ասել է, թե շատ ժամանակ չի պահանջվի հասկանալու, թե ներկայիս քաղաքական դաշտում նա ինչ ձևաչափով կցանկանա մասնակցել երկրի ապագայի կերտմանը և նաև իր մասնակցությամբ ինչ նոր նշաձող կսահմանի հայաստանյան ներքաղաքական կյանքում:
Արմինե Գրիգորյան