Թբիլիսահայերը Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումներ են անցկացրել
КультураՎրաստանում ՀՀ դեսպանությունն ապրիլի 20-24-ը Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի և վիրահայ հասարակական կազմակերպություններ հետ համագործակցությամբ կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնել են. «Ապրիլի 20-ին «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում կայացել է դասական երաժշտության համերգ՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի հայազգի ուսանողների մասնակցությամբ:
Ապրիլի 21-ին «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում մեկնարկել է նկարչուհիներ Արևիկ Մկրտչյանի, Մանան Մուրադյանի և Գոհար Հարությունյանի «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը՝ շուրջ 3 տասնյակ գեղանկարների ցուցադրությամբ:
Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության պատարագներ, որոնց մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո եկեղեցու բակում տեղադրված Ցեղասպանության հիշատակի խաչքարի մոտ տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված հատուկ արարողություն»: