Նկարիչները Երևանի արվեստանոցների համար գույքահարկի գծով արտոնություններ կստանան
ОбществоԵրևանում արվեստանոցներ ունեցող Հայաստանի նկարիչների միության անդամներին կտրմադրվեն գույքահարկի գծով արտոնություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծն ընդունվեց Երևանի ավագանու ապրիլի 27-ի նիստի ընթացքում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետաքրքրվեց` արդյոք դեմ կարծիքներ կան… Նախագիծը միաձայն ընդունվեց: «Մեր արվեստագետներին արտոնություններ ենք տվել, որպեսզի հանգիստ ստեղծագործեն,-շեշտեց քաղաքապետը:
Կարեւորելով նկարիչների կողմից կատարված աշխատանքների դերն ու նշանակությունը ` առաջարկվում էր գույքահարկի գծով արտոնություն տրամադրել
Հայաստանի նկարիչների միության անդամներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող շինությունների (ստեղծագործական արվեստանոցներ) գույքահարկի գծով հարկային պարտավորությունների մասով:
Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող Հայաստանի նկարիչների միության անդամ նկարիչների գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 27.04.2016 թ. դրությամբ կազմում են 1.939.500 դրամ, որի համար նրանք դիմել են Երեւանի քաղաքապետին`օրենքով սահմանված կարգով գույքահարկի արտոնություն ստանալու խնդրանքով:
Հաշվի առնելով միության նախագահի կողմից ներկայացված գրությունը` գույքահարկի գծով հարկային պարտավորությունների մասով արտոնություն ստանալու վերաբերյալ, նպատակահարմար համարվեց տրամադրել 1.939.500 դրամի չափով գույքահարկի գծով արտոնություն: