Թուրքիայից Հայաստան ներկրվող սննդամթերքի քանակությունը կսահմանափակվի՞
ЭкономикаԱյսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց բարձրացվեց այն մասին, թե արդյոք ժամանակը չէ մտածել Թուրքիայից Հայաստան ներմուծվող սննդամթերքն արգելելու մասին,- հայտնում է ORER.am-ը:
Հարցին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց. «Բարձրացված հարցն արդիական է դարձել հանրության շրջանում: Հարցի վերաբերյալ կա վարչապետի հանձնարարականը, և դրա շրջանակում էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ուսումնասիրություններ, եթե կան մթերքներ, որոնք կարող են սպառնալ ազգային տնտեսությանը՝ որակի ու մրցակցության տեսակետից:
Եվ էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրությունների արդյունքում պետք է ներկայացնի ամբողջական փաթեթ»,- ասաց նախարարը:
Նա նաև հավելեց. «Նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ առանձնացրել ենք երկու հանգամանք: Այո´, մենք ԱՀԿ անդամ ենք, որի անդամ է նաև Թուրքիան: Հայաստանի անդամակցության ժամանակ Թուրքիան կատարել է վերապահում Մարաքեշի համաձայնագրով, որով, ըստ էության, չի հարաբերվելու Հայաստանի հետ իբրև ԱՀԿ անդամ, ինչը նշանակում է, որ Հայաստանը լիովին իրավունք ունի կիրառել բոլոր այն գործիքները, որոնք կպաշտպանեն մեր տնտեսական կարգը:
Հայաստանը ունի գործիքակազմ, որը թույլ է տալիս առանձին ապրանքների մասով ձեռնարկել առանձին գործողություններ»,- ասաց Արծվիկ Միանսյանը:
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանի գործողությունները պետք է ճշգրիտ հաշվարկվեն, որ սոցիալական ռիսկերի առաջ չկանգնենք:
Սոսե Չանդոյան