Պարարվեստի նվիրյալները Գյումրիում կնշեն իրենց մասնագիտական տոնը
КультураՊարարվեստի նվիրյալներն ապրիլի 29-ին Գյումրիում կնշեն իրենց մասնագիտական տոնը: «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի /WAPA/ նախաձեռնությամբ Գյումրիում առաջին անգամ կանցկացվի «Պարենք միասին» հանրապետական փառատոնը: «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղ»-ը նախաձեռնությունն իրակա նացնում է «Վանուշ Խանամիրյանի անվան Գյումրու «Վարդևանյան» պարի թատրոն»-ի հետ համատեղ:
Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին տեղեկացրին «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի ներկայացուցիչները՝ խոստանալով, որը օրը կվերածվի պարատոնի:
«Փառատոնին կմասնակցի պարային 40 համույթ հանրապետության տարբեր մարզերից: Բոլոր խմբերն ու համույթները կներկայանան 2 համարով: Քանի որ համույթները շատ են, փառատոնը կանցկացվի 2 փուլով: Փառատոնի շեշտը դրվելու է ռազմահայրենասիրական պարերին՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ մեր մարտական ոգին նաև մեր պարերի մեջ է: Մեր նպատակն է վաղը ցույց տալ, որ հայը կա ու պետք է ապրի»,- նշեց «Վարդևանյան» պարի թատրոնի ղեկավար, «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղ»-ի ղեկավա ր Հովհաննես Վարևանյանը:
Փառատոնի ամենափոքր մասնակցը 3 տարեկան է, իսկ ամենամեծը, հաշվի առնելով այն, որ վերջում բեմ են բարձրանալու նաև համույթների ղեկավարները, 40 տարեկանից բարձր:
«2014 թվականին հիմնադրված ասոցիացիան ի սկզբանե նպատակ է հետապնդում մշակութային արժեքներն ըստ արժանվույն ներկայացնելու արտերկրում: Սա է պատճառը, որ ասոցիացիան համագործակցում է միայն պրոֆեսիոնալ՝ ինչպես անհատ արվեստագետների, այնպես էլ խմբերի հետ: Այս պահին ասոցիացիան արդեն ներկայացուցիչներ ունի 66 երկրում»,-իր խոսքում նշեց «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի հիմնադիր նախագահ Արման Ղուկասյանը:
Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա:1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: