Ես եկել եմ իմ տուն. Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզներ»-ը ելույթ ունեցան Երևանում
КультураԱշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը և նրա ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախումբը համերգով հանդես եկան Արամ Խաչատրյան համերգասրահում:
Նվագախմբին և հայ ժողովրդի բարեկամ Սպիվակովին Հայաստանում դիմավորեցին ջերմ ծափահարությ ուններով:
«Ես եկել եմ իմ տուն»,-համերգից առաջ լրագրողների հետ զրույցում անկեղծացավ Վլադմիր Սպիվակովը:
Ապրիլի 28-ի հայաստանյան համերգային երեկոյի ընթացքում Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ հնչեցին Վ. Ա. Մոցարտի, Լ. Բոկերինիի, Յ. Հայդնի, Դ. Շոստակովիչի գործերը. հանդիսատեսն առանց «բիս»-ի բաց չթողեց երաժիշտներին և նրանք ներկայացրին ևս երեք ստեղծագործություն: Երեկոյի ընթացքում որպես մենակատար հանդես եկավ Սպիվակովի հիմնադրամի կրթաթոշակառու Ալեքսանդրա Ստիչկինան (դաշնամուր):
Համերգային երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այլ պաշտոնատար անձինք, մշակույթի գործիչներ: Հայ ունկնդիրը Սպիվակովին և «Մոսկվայի վիրտուոզներ»-ին ճանապարհեց հոտնկայս ծափահարություններով:
Նվագախմբի ապրիլի 29-ի համերգային ծրագրում կներկայացվեն Վ. Ա. Մոցարտի, Պ. Չայկովսկու, Ջ. Ռոսսինիի, Ա. Պիացոլայի գործերը: Որպես մենակատարներ երեկոյի ընթացքում ելույթ կունենան ջութակահարներ Դենիս Շուլգինը, Լեվ Իոմդինը, Գեորգի Ցայը, Եվգենի Ստեմբոլսկին և ակորդեոնահար Նիկիտա Վլասովը:
Ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի Ուֆա քաղաքում: Պատերազմից հետո Սպիվակովի ընտանիքը վերադարձել է Լենինգրադ, որտեղ մայրը դասավանդել է երաժշտական դպրոցում: 1955 թվականին Վլադիմիր Սպիվակովը հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորյային կից դպրոցում,որտեղ աշակերտել է Լ. Մ. Սիգալին և Վ. Ի. Շերային: 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորյային կից կենտրոնական երաժշտական դպրոցը: Սովորել է Մոսկվայի կոնսերվատորյայի Յուրա Յանկելևիչի դասարանում: Որպես դիր իժոր հանդես է գալիս 1965 թվականից: Ամուսնացած է հայ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի դստեր` Սաթի Սահակյանցի հետ: