Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորը Կոսովոյում երեք աշխատաժողով է անցկացրել
ОбществоԱրդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Էմիլ Ամիրխանյանն ապրիլի 22-ից 24-ը Կոսովոյում երեք աշխատաժողով է անցկացրել՝ նվիրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հիմունքներին, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության հիմնախնդիրներին:
Աշխատաժողովները կազմակերպվել են Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների եվրոպական ստանդարտների իրացման աջակցություն և օմբուդսմենի ինստիտուտի բարեփոխում» ծրագրի շրջանակներում, որոնց մասնակցում էին Կոսովոյի դատավորներ, փաստաբաններ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ:
Այս մասին տեղեկացրին Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից:
Աշխատաժողովները տեղի են ունեցել մայրաքաղաք Պրիշտինայում, ինչպես նաև Փրիզրեն և Փեք քաղաքներում՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում», «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմունքները» թեմաներով:
Աշխատաժողովների ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կազմակերպման և գործունեության հիմնական սկզբունքները, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Կոսովոյում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Է. Ամիրխանյանն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության փորձը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմների ներդրման հարցում: