«Արմմոնո»-ն մեկնարկեց Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի ՊաՊա» մոնոներկայացմամբ
Культура«Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը մեկնարկեց դերասան Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի ՊաՊա» մոնոներկայացմամբ: Հետաքրքիր նմանակումներ, զվարճալի հումորներ ու երաժշտական համարներ. դերասան Վարդան Պետրոսյանի որդին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում ևս մեկ անգամ ապացուցեց, որ պակաս տաղան դավոր չէ հայտնի հայրիկից:
«Եթե ես լինեի ՊաՊա» ներկայացման ընթացքում Հայկ Պետրոսյանը նմանակեց Լուի Արմսթրոնգին, Ռեյ Չարլզին, Շառլ Ազնավուրին և այլ արտիստների, կատարեց նրանց երգերը`յուրովի մատուցմամբ: Դերասանի ուշադրությունից չվրիպեցին ռեփերները և այն, թե ինչպես են նրանք այսօր երգեր գրում: «Եթե ես լինեի ՊաՊա»-ում անդրադարձ եղավ հայաստանյան գործիչներին, Electric Yerevan շարժմանը, արցախյան վերջին իրադարձություններին, հայ տաքսիստներին ու ամենակարևորը` ընտանեկան հարաբերություններին: Պետրոսյանը ներկ այացրեց նաև ընտանեկան դրվագներ:
«Եթե ես լինեի պապա, ես քեզ իմ կյանքից շատ բան չէի սովորեցնի: Այնպես կփորձեի անել, որ իմ սխալները չկրկնես: Ես քեզ կպատմեմ ուրիշ հայորդիների մասին, որոնց ուղին թեև կարճ եղավ, բայց հավերժացավ պատմության էջերում: Ես քեզ կպատմեմ այն սերունդների, անհատների մասին, որոնց շնորհիվ հայը որպես տեսակ դեռ ապրում է և գոյատևում: Քո ճանապարհն էր հեշտ չի լինելու, քանի որ դու ծնվելու ես հայկական հողի վրա և ի ծնե կրելու ես հայի ճակատագիրը, հայի խաչը, որը ծանր է, բայց պատվաբեր»,-ասում է ներկայացման վերջում Հայկ Պետրոսյանի հերոսն իր փոքրիկին, որը դեռ պետք է ծնվի:
Դերասանը շարունակում է`անդրադառնալով արցախյան վերջին դեպքերին. «Դու պետք է իմանաս, որ ծնվելու ես այն բանի շնորհիվ, որ հերոսները տվեցին իրենց կյանքը`քեզ ապրելու հնարավորություն տալով: Դու պիտի իմանաս, որ նրանց անունը, գործը գետնով տալու իրավունք չունես: Բայց դու կհարթես քո հավերժության ճանապարհը, եթե լինես նրանց արժանի, նրանց վառ պահես քո սրտում: Ես այստեղ խոսում եմ, որովհետև 18-20 տարեկան տղաները չհասցրին մտածել բանակից հետո ամուսնանալու, պապա դառնալու կամ էլ խոպան գնալու մասին, բայց նրանք հասցրին հերոսանալ»:
Հայկ Պետրոսյանն իր ներկայացման մեջ կոչ է անում չհավատալ շատերի կողմից բարձրաձայնվող` «ազգը ազգ չէ» արտահայտությանը: «Նրանք չգիտեն`ինչ են խոսում: Յուրաքանչյուր ժողովուրդ իր նորահաս սերունդով է մաքրում իր ներքին տկարությունները: Նժդեհն ասել է. «Իմ հոգին ունի զույգ հենարաններ`Աստված և հայրենիքը»: Իմ հայրն ինձ սովորեցրել է «Հայր մեր»-ը և ֆիդայական երգ`«Տալվորիկի քաջ զինվոր»-ը: Ես այդ երգը երգելիս միշտ հիշում եմ, որ շատ դժվարությունների ու տառապանքների միջով անցած, բայց քաջ, պայքարող ու չխոնարհվող ժողովրդի մի փոքրի կ մասն եմ»,-նշեց նա`ներկայացման վերջում կատարելով այդ ֆիդայական երգը:
ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ`ապրիլի 29-ից մայիսի 3-ն անցկացվում է «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 26 ներկայացում (Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսրայել, Բելառուս, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Վրաստան և Հայաստան): Այս տարի կցուցադրվեն բազմատեսակ մոնոներկայացումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ և այլն: