Հայաստանում մարտի վերջին աշխատանք է փնտրել 93.5 հազար մարդ, որից 81.3 հազարը գործազուրկ են
ЭкономикаՀայաստանում 2016-ի մարտի դրությամբ աշխատանք է փնտրել 93 հազար 510 մարդ, աճը 2015-ի մարտի համեմատ կազմել է 17.4 տոկոս: Աշխատանք փնտրողներից 81 հազար 323-ը գործազուրկ են, ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.5 տոկոսով: Սրանք Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են` ստացվա ծ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալությունից: Ըստ տվյալների` աշխատանք փնտրողների մեջ 61 հազար 949-ը կին են, 31 հազար 561-ը` տղամարդ: Աշխատուժի առաջարկն ամենաշատը Երևանում է` 16 հազար 754 մարդ, Շիրակում` 16 հազար 207, Լոռիում` 11 հազար 858: Ամենաքիչը` Վայոց ձորի մարզում` 1941 մարդ:
Աշխատանք փնտրողների մեջ 16-29 տարիքային խումբը 25 տոկոս է կազմում, 30 և բարձր` 75 տոկոս: Համաձայն տվյալների` աշխատուժի պահանջարկը մարտին կազմել է 1770 մարդ, մեկ թափուր աշխատատեղի ծանրաբեռնվածությունը` 53:
Պաշտոնապես գրանցված գործազրկությունը 2016-ի մարտի դրությամբ` կազմել է 81 հազար 323, որից 26 հազար 187-ը տղամարդ են, 55 հազար 136-ը` կին: Քաղաքային բնակավայրերում գործազուրկների թիվը 55 հազար 155 է, գյուղական համայքներում` 26 հազար 168: