Տերյան փողոցի գարեջրատանը դանակահարված երիտասարդի վիճակը կայուն է
Տերյան 19 հասցեում գտնվող «Պաուլաներ» գարեջրատանը տեղի ունեցած դանակահարության հետեւանքով «Նաիրիա» բժշկական կենտրոն տեղափոխված 58-ամյա Սերգեյի առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրի» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Անատոլի Գնունին:
Նա նշեց, որ տղամարդուն վիրահատել են որովայնի հատվածում, եւ այժմ առողջական վիճակը համապատասխանում է հետվիրահատական ընթացքին: Առայժմ Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխման մասին խոսք չկա: Ինչ վերաբերում է մյուս երիտասարդին՝ Արման Փարսադանյանին, Անատոլի Գնունին պարզաբանեց, որ նա մահացել էր վիրահատության ժամանակ, քանի որ նրա վնասվածքը անհամատեղելի էր կյանքի հետ:
Ի դեպ, տղամարդկանց դանակահարողները դեռ չեն հայտնաբերվել: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քր.օր.-ի 104 (սպանություն» եւ 112 (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածների հատկանիշներով, ընթանում է քննություն:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի սուր կտրող-ծակող վնասվածքներով տեղափոխվել է իրենց մոտ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ոմն Ավետ Օհանջանյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել երեք անձանց՝ Սերգեյ Ս.-ին, Արման Փարսադանյանին եւ Արմեն Հարությունյանին: 58 թվականին ծնված Սերգեյ Ս.-ն վնասվածք է ստացել որովայնի շրջանում, իսկ 1975թ. ծնված Արման Փարսադանյանը վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում: Նա, այսօր առավոտյան գիտակցության չգալով, մահացել է: